Լիլիա-Նորեն «Սիրո Ճանապարհ» գրքի շնորհանդես
«Այս գրքի միջոցով ուզեցել եմ իմ հույզերն ու ապրումները գրչին տալ ամբողջովին ու խոսել գրքի լեզվով, ինչ-որ չափով դիպչել թե դեռահասների, թե այն մարդկանց, ովքեր կյանքում ունեցել են կիսատ թողած սեր: Ցանկացել եմ իմ գրքի լեզվով խոսելով ասելմի կորցրեք, մարդիկ, քանի որ կյանքում կորուստները այն երևույթներն են, որոնք ետ չեն վերադառնում», - նշեց երիտասարդ գյումրեցի գրող Լիլիա-Նորեն, Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցած «Սիրո Ճանապարհ» գրքի շնորհանդեսին, շնորհակալություն հայտնելով բոլորին իր համար այս նշանակալի օրը կիսելու համար: «Սիրո Ճանապարհ» արձակ և չափածո ստեղծագործությունների ժողովածուն մի խենթ աղջկա մասին է, ով չիմանալով ինչ էր անկեղծ ու իրական սերը, մի օր ինքնամոռաց սիրահարվեց մի պատանու և սկսվեց նրա սիրո ճանապարհը: Հանդիպման ընթացքում երտասարդ գրողը ներկայացրեց իր հույզերն ու ապրումները, իր սրտից ու հոգուց բխած խոսքերը, կյանքի վերելքներն ու վայրէջքները: «Գիրքը տարատեսակ զգացմունքներ է արթնացնում, քանի որ հեղինակն էլ երիտասարդ, եռանդուն, սիրով, հուզմունքով լեցուն անձնավորություն է, ով կարողացել է բոլորիս սրտին հաճելի, հոգեհարազատ զգացմունքներ փոխանցել», - նշեց հանդիպման վարող, գրադարանի Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակից Սանասար Թումասյանը: Հեղինակի հետ զրույցի, հարցուպատասխանիի ձևաչափով այս հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրողի ստեղծագործական ուղուն, գրական մոտեցումներին և ստեղծագործություններին։ Միջոցառման ընթացքում գրքի խմբագրական աշխատանքներից խոսեց գրքի խմբագիր Հովհաննես Ջավախեցին շեշտելով Լիլիա-Նորեի հետաքրքիր ձեռագրի մասին և հույս հայտնելով, որ գիրքը կհասնի ընթերցողին և մեր գրականության մեջ կգտնի իր տեղը:
Հեղինակի և վերջինիս ստեղծագործությունների մասին խոսեց նաև բանաստեղծ Վարազդատ Նիկոլյանը:
Միջոցառմանը ներկա էին գրողի հարազատներուն ու բարեկամները, գրադարանի ընթերցողներ ու աշխատակիցներ, ուսանողներ:
Հանդիպման ընթացքում ընթերցվեցին հատվածներ հեղինակի բանաստեղծություններից։
Հանդիպման ավարտին գրողն իր գրքերը նվիրեց և գրադարանին, և ներկաներին: Գրադրանի գրքային ֆոնդն իրենց ստեղծագործություններով համալրեցին նաև Լիլիա-Նորեի գրքի խմբագիր Հովհաննես Ջավախեցին և բանաստեղծ Վարազդատ Նիկոլյանը:
