Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

Խոսող զեկույցներ գրականության մասին

նվիրված Ավ․Իսահակյանի ծննդյան 150-ամյակին

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Խոսող զեկույցներ գրականության մասին» ծրագրով նախատեսված հոբելյանական միջոցառումը՝ նվիրված Ավ․Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։
«Այս միջոցառումը նպատակ ունի նորովի բացահայտելու Ավետիք Իսահակյանի հանճարը, վերապրելու այն բարձր զգացումները, որոնցով նա ապրել ու գրել է։ Մեզ համար մեծ պատիվ է, որ այս միջոցառմանը գարադարանում հանդես են գալու տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ իրենց խոսքով ու զեկույցներով լուսավորելով Իսահակյանի գրական աշխարհը», — բացման իր խոսքում նշեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը՝ մաղթելով, որ միջոցառումը դառնա ոչ միայն հիշատակի, այլև ոգեշնչման պահ սերունդներին փոխանցելու բանաստեղծի պատգամը․ «Կյանքը գեղեցիկ է, երբ այն լցված է սիրով ու ստեղծագործությամբ»։
Հոբելյանական միջոցառմանը ներկայացվեց Ավետիք Իսահակյանի բազմակողմանի՝ գրական, հասարակական, քաղաքական գործունեությունը և մշակութային ժառանգության բազմաշերտ վերլուծությունը։
Ունկնդիրներին ներկայացվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետաքրքիր և բովանդակալից հաղորդումներ․
«Իսահակյանի պոեզիան» (Գրողների միության անդամ, բանաստեղծ Ռոբերտ Եսայան)
«Պատմական էջերով մեր օրեր» (Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Նազմինե Բաղդասարյան)
«Իսահակյանի կյանքն ու գործունեությունը» (Գյումրու Ավ․Իսահակյանի հուշատուն-թանգարանի էքսկուրսավար Արփինե Ալեքսանյան)
«Աբու-Լալա Մահարի» (Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս Անահիտ Շահբազյան)
«Ո՞վ է ապրում» (Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ուսուցչուհի Փառանձեմ Կարապետյան)
«Հեքիաթագիր Իսահակայնը» (Վահրամաբերդի Հ.Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արփինե Սարգսյան)
«Իսահակյան և Տոլստոյ» (Շիրակի մարզային գրադարանի աշխատակից Սանասար Թումասյան)
«Իսահակյանի հասարակական գործունեությունը» (Շիրակի մարզային գրադարանի աշխատակցուհի Ռոզետա Միքայելյան)
Գյումրու «Ֆոտոն» վարժարանի սաները իրենց ուսուցչուհու զեկույցի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ կիրառելով «Աշխարհացույց» կրթական հարթակի բազմազան գործիքակազմը։ Նրանք ցուցադրության ընթացքում ստեղծել էին թեմատիկ հոդվածներ (փիներ), տեղադրել հետաքրքրաշարժ հղումներ և ներկայացրել դինամիկ սքրինշոթեր, որոնք վիզուալ կերպով լրացնում էին զեկույցի բովանդակությունը։ Այս մոտեցումը միջոցառմանը հաղորդեց ժամանակակից շունչ՝ ընդգծելով նոր սերնդի հետաքրքրությունը և ստեղծագործական մոտեցումը Ավետիք Իսահակյանի ժառանգության ուսումնասիրության նկատմամբ։
Միջոցառմանը ներկա էին ինչպես Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, այնպես էլ Վահրամաբերդի Հ.Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները, ովքեր մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին հաղորդումները՝ վկայելով, որ Իսահակյանի խոսքը շարունակում է հնչել և ոգեշնչել նոր սերունդներին։
Հանդիպման ավարտին Գյումրու Ավ․Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն իր եզրափակիչ խոսքում նշեց․ «Հպարտ ենք, որ գյումրեցիներ ենք՝ այն հողի ու ջրի մարդիկ, որտեղ ծնվել և արարել է մեծանուն գրողը՝ Ավետիք Իսահակյանը», հավելելով, որ վարպետը միայն Գյումրու կամ Հայաստանի հպարտությունը չէ, այլ համաշխարհային արժեք, որի խոսքը վաղուց դուրս է եկել երկրի սահմաններից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով