Ճանապարհ դեպի գրքերի աշխարհ
Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ճանապարհ դեպի գրքերի աշխարհ, 10-14 տարեկանների ընթերցանություն» խորագրով տեղեկատվական հանդիպում, ուր զեկույցով հանդես եկավ գրադարանի Մանկապատանեկան բաժնի աշխատակցուհի Դիանա Ստեփանյանը:
Վերջինս ներկայացրեց հետաքրքիր փաստեր գրքերի մասինտեղեկացնելով ներկաներին, որ աշխարհում կա մոտավորապես 130 մլն հրատարակված գիրք, իսկ աշխարհում ամենաշատ վաճառված և հետևաբար ամենաշատ ընթերցված գիրքը Աստվածաշունչն է։ Այս գիրք-գրոցի տպագրված օրինակների թիվը հասնում է շուրջ 5 մլրդ-ի։ Այնուհետ Դիանա Ստեփանյանը ներկայացրեց մի շարք գրքեր, որոնք պետք է որ կարդան 10-14 տարեկանում, մեկնաբանելով նաև, թե ինչու է պետք կարդալ այդ գրքերը: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները դասղեկ Գայանե Խաչատրյանի ուղեկցությամբ:
Յոհան Գուտենբերգի հայտնագործած տպագրահաստոցի մասին տեղեկույթը երեխաներին ներկայացրեց Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 7-րդ դասարանի աշակերտուհի, Մանկապատանեկան բաժնի ակտիվ ընթերցող Էվելինա Ավագյանը, ում հետ միասին ներկաները ճամփորդեցին պատմության խորքն ու պարզեցին, թե ինչի շնորհիվ է գիտելիքի ամենակարևոր աղբյուր գիրքը մատչելի ու հասանելի դարձել բոլորիս համար:
Միջոցառման հաջորդ հատվածը վիկտորինա էր․ ստուգվեց երեխաների ծանոթությունը գրքերին․ պետք էր տարբեր գրքերից ընտրված մեջբերումներից գուշակել գիրքը:
Ցուցաբերած ակտիվ մասնակցության համար բոլոր երեխաները գրադարանի կողմից որպես հուշ ստացան էջանշաններ գրադարանի լոգոտիպով: Իսկ դասարանին նվեր տրվեց Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» գիրքը, կոլեկտիվ ընթերցելու և դարձյալ գրադարանում քննարկելու համար։
«Գիրքը մարդու կրթության, մարդ տեսակի ձևավորման հարցում շատ առանձնակի նշանակություն ունի, քանզի մարդը ձևավորվում է գիրք կարդալով»,- շնորհակալական իր խոսքում շեշտեց դասղեկ Գայանե Խաչատրյանը:
Հանդիպման ավարտին գրադարանի տնօրեն Ս․Գևորգյանը հորդորեց երեխաներին «սիրել գրքերն ու հասկանալ ժառանգության արժեքը, որ մեզ են թողել գրողները»։
