«Իմ ընկեր Ալենը» խորագրով հուշ-երեկո
«Մենք հավաքվել ենք հիշելու անմահացած Ալենին։ Նա զոհվեց 2020 թվականի պատերազմում, բայց իր թողած մտքերով, գրքի ու արվեստի հանդեպ սիրով շարունակում է ապրել մեր մեջ։ Մենք հավաքվել ենք նրա ներկայությունը զգալու, նրա պատգամները վերապրելու», — նշեցին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտները (տնօրեն Իրինա Բաղդասարյան)։
Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցած «Իմ ընկեր Ալենը» խորագրով հուշ-երեկոն նվիրված էր 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ալեն Մարգարյանին: Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտները հայրենիքի անսասան պաշտպանի՝ Ալեն Մարգարյանի նկատմամբ իրենց սերն ու խորը հարգանքի արտահայտություն հանդիպման ծրագիրը պատրաստել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Աստղիկ Հակոբյանի և Լորաննա Գրիգորյանի համատեղ ջանքերով։ Դպրոցականները պատմեցին Ալենի կյանքի ու ստեղծագործության մասին։ Գրադարանի Այլ խմբերի սպասարկման բաժնի գրադարանավարուհի Լիլիթ Պետրոսյանը նշենց, որ այս ձոն միջոցառումն ի հուշ «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի Շիրակի մարզային գրադարանում ծրագրված էր վաղուց, բայց օրացույցում այս օրվա ընտրությունը ունի իր պատճառը՝ ընդամենը հաշված օրեր առաջ լրացավ Ալենի հերոսացման 5-րդ տարին։
« «Բոլորիս Ալենը» ապրեց կարճ, բայց լեցուն ու բովանդակալից կյանք, նրա անունը ոսկե տառերով գրվեց հայ նորագույն պատմության հերոսների անվանացանկում», — նշեց Պետրոսյանը, հավելելով, որ Հայրենիքի կանչը ավելի զորեղ գտնվեց նրա հոգում ու առանց երկմտելու նա ընդառաջ գնաց այդ կանչին՝ անտեսեց բանակում չծառայելու իր թույլտվությունը, հոժար կամքով համալրեց Արցախի Պաշտպանական բանակի զինվորական շարքերը Մատաղիսի զորամասոում՝ արդյունքում բռնելով անմահության ու փառքի ճամփան։
Գրադարանավարուհի Լիլիթ Պետրոսյանը շեշտեց, որ շնորհիվ Ալենի մայրիկի Ալենը ապրում է բոլորիս հետ՝ դառնալով բոլորիս Ալենը․ «Տիկին Նազելին կազմակերպում ու հովանավորում է տարբեր կրթական ծրագրեր, միջոցառումներ, հանդիպումներ ու հարցազրույցներ է ունենում մանկավարժական, դասախոսական մշակութային գործիչների հետ։ Արդյունքում նրա բոլոր գաղափարների նպատակը ճանաչելի դարձնելն է, նրա հիշատակը ոգեկոչելը, բոլոր մտահաղացումներն ուղղված են Ալենի առաքելությունը, նրա կիսատ թողած գործը շարունակելուն»։
«Կուզենայի, որ այս միջոցառումից մեզ հետ տանենք միայն դրականը։ Ալենը մեր կողքին չէ, բայց նա մեզ հետ է։ Նա ապրում է յուրաքանչյուրիս մեջ։ Մենք Ալենին շատ բան ենք պարտք, ու այդ պարտքը պետք է մարենք մեր ճիշտ ապրելով ու Հայրենիքը փայփայելուվ», — միջոցառման ավարտին նշեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը։
«2020 թվականից հետո իմ կյանքի օրացույցում ցավոք տոներ չկան, բայց յուրօրինակ մի տոն էր այսօրվա հանդիպումը ձեզ հետ։ Ես զգացի, որ ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջով անցկացրել էիք միջոցառումը․ դուք ուղղակի չէիք եկել արտասանելու կամ հեքիաթ պատմելու», — միջոցառման մասնակից աշակերտներին ուղղված շնորհակալական իր խոսքում նշեց Ալենի մայր Նազելի Տերտերյանը, ով մեծ սիրով էր ընդունել գրադարանավարուհի Լիլիթ Պետրոսյանի հրավերը, ում որդին եղել էր Ալենի աշակերտը։
Միջացառմանը ներկա էր նաև Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Խաչատուր Հարությունյանը, ով «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթում ընդգրկվել է 7-9-րդ դասարանցիների լավագույն տասնյակում։ Նա կիսվեց մրցույթից ստացած իր տպավորություններով ու հորդորեց մյուս աշակերտներին ևս մասնակցել, քանզի մասնակցությունը ևս հաղթանակ է։
Երբ միջոցառումն ավարտվեց, շատերի աչքերում արցունք կար, բայց այդ արցունքները ոչ միայն տխրության, այլև հպարտության արցունքներ էին։ Հուշ-երեկոն դարձավ ոչ միայն հիշատակի, այլև ուժի ու ոգեշնչման երեկո՝ հիշեցնելով, որ հերոսները չեն հեռանում, նրանք շարունակում են ապրել մեր հիշողության մեջ։
Երեկոյի ավարտին Նազելի Տերտերյանը ներկա գտնվողներին, որպես արժեքավոր հիշատակ և ոգեշնչման աղբյուր, նվիրեց գրքեր՝ իր որդու հեղինակած «Բոլորիս Ալենի հեքիաթները» խորագրով հրատարակված ժողովածուն։ Գրքում զետեղված են կախարդական ու ուսուցողական պատմություններ, որոնք Ալեն Մարգարյանը գրել է մանուկ հասակում։
