Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, որի ժամանակ զոհվել է 25.000 մարդ, 17.000-ըմիայն Լենինականում: «Մենք որոշեցինք դասեր քաղել Սպիտակի երկրաշարժից, որպեսզի նման դեպքեր այլևս երբեք չկրկնվեն: Անշուշտ, եթե նման ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունենում, զոհեր լինում են: Մեր իրականացրած աշխատանքն ուղված է հենց նրան, որ հնարավորինս նվազագույնի հասցնենք մարդկային կորուստները, քանզի նյութականը վերականգնելի է, իսկ մարդկային կորուստները անդառնալի: Այս առումով մեր աշխատանքում մենք վեր հանեցինք և՛ պատճառները, և՛ հետևանքները», — Շիրակի մարզային գրադարանում Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի նախաձեռնած «Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում» թեմայով կրթական սեմինարին նշեց ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ Պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Սեխպոսյանը:
«Մտածելու տեղիք տվեց, թե ինչպես կարող ենք կազմակերպել մեր սեյսմիկ պաշտպանությունը, քանզի մեր երկրում երկրաշարժեր եղել են, լինում են ու դեռ էլի կլինեն, բայց թե երբ, որ ժամին, ինչ ուժգնությամբ՝ ցավոք դեռ ոչ ոք չի կարող ասել: Սա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ երկրի մասշտաբով է: Հետևաբար՝ մեզ մնում է ունենալ համապատասխան գիտելիքներ նման իրավիճակներում դրանք ճիշտ կիրառելու համար»,- հավելեց Սեխպոսյանը:
«Սեյսմիկ Պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի գլխավոր մասնագետ Կարինե Սարգսյանն էլ խոսեց բնածին և տեխնածին երկրաշարժերի մասին: «Տեխնածին երկրաշարժերը հիմնականում ստեղծվում են մարդկային գործոնով, առաջանալով պայթյունների պատճառով: Բնական երկրաշարժերը երեքն ենտեկտոնական, հրաբխային, փլվածքային երկրաշարժեր: Հայաստանի տարածքում տեղի ունեցող երկրաշարժերը տեկտոնական են: Այսինքն , երկրի ընդերքում տեղի ունեցող լեռնակազմական պրոցեսների հետևանքով տեղի ունեցող երկրաշարժեր են», մանրամասնեց Սարգսյանը և պատմեց երկրաշարժերը գրանցող սարքերի մասին, որոնք գործածվել են հին ժամանակներում և մեր օրերում: Կենտրոնի գլխավոր մասնագետ Նարինե Զաքարյանը խոսեց սեյսմակայուն շինարարության մասին, ինչպիսի շենք-շինություններում ենք մենք բնակվում և արդյոք դրանք համապատասխանում են այժմյան սեյսմիկ ստանդարտներին: «1996 թվականից սկսած ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ստեղծեց որոշակի նորմատիվային փաստաթղթեր, առանց որոնց չի իրականացվում ոչ մի շենք-շինության կառուցում և ձևափոխություն: Սպիտակի երկրաշարժից դասեր քաղելուց հետո հասկացանք, որ պետք է ունենանք առավել մշակված մոդել, ըստ որի կկառուցվեն առավել սեյսմակայուն շենքեր: Ճապոնական մոդելի հիմքով Գյումրիում կառուցվել է ռետինե մետաղական բարձիկների վրա բնակելի շենք, որոնք իրենց վրա են վերցնում ընդերքից եկող տատանումները կատարելով սեյսմամեկուսիչ դեր»,- մանրամասնեց Զաքարյանը:
Հանդիպման ընթացում ներկաները դիտեցին բանախոսների տրամադրած ֆիլմը՝ «Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին», որում մանրամասն տեղեկություն էր տրամադրվում տվյալ իրավիճակում պահանջվող բոլոր կանոնների մասին:
Կրթական սեմինարին ներկա էին նաև ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ Պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի տնօրինության թարգմանիչ Արաքսյա Մովսիսյանը, ՀԱԱՀ Շիրակի Գյուղատնտեսական քոլեջի «Մենեջմենթ» բաժնի ուսանողներըուղեկցությամբ դասախոս Սաթենիկ Կիրակոսյանի, Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», Ասեղնագործություն և ժանեկագործություն» բաժինների 1-ին կուրսի ուսանողները ուղեկցությամբ կազմակերպչա-դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Գևորգյանի, դասախոս Քրիստինե Թովմասյանի, գրադարանավար Այուզաննա Սումբուլյանի, ՀՏՊՀ Գյումրու մասնաճյուղի «Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում» բաժնի 1-ին կուրսեցիներըուղեկցությամբ Մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Արմինե Պապիկյանի: Այսպիսով ներկաները ստացան բովանդալակից տեղեկություններ սեյսմիկ վտանգների և երկրաշարժերի բնույթի վերաբերյալ, թե ինչու են սեյսմապաշտպանական միջոցառումները կարևոր հատկապես Հայաստանի նման սեյսմիկ ակտիվ տարածքներում, իմացան, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել նախքան երկրաշարժը, դրա ընթացքում և դրանից հետո, ինչպես արագ կողմնորոշվել և ինքնապաշտպանվել արտակարգ իրավիճակներում: Ձեռք բերված գիտելիքներով նրանք կկարողանան փրկել ոչ միայն իրենց, այլև շրջապատի մարդկանց։
Մասնակիցները ստացան ընդհանուր քաղաքացիական պաշտպանվածության և անվտանգության գիտելիքներ՝ կարևոր բոլոր ոլորտների մասնագետների համար։ Սեմինարի ընթացքում տիրում էր ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտ:
Սեմինարի ավարտին բանախոսները թեմատիկ գրքեր նվիրեցին գրադարանին՝ ընթերցողների հետագա ինքնակրթությունը խթանելու նպատակով:
