Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
Միջոցառումներ

Հանդիպում Լևոն Լաճիկյանի հետ

Գծանկարներ, որ խոսում են ոչ միայն արվեստի լեզվով, այլև` պատմության ու հույզերի
«Մեր հանդիպման առիթը հանդիսացավ հայտնի հայ գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ, ԵՊՀ դասախոս Լևոն Լաճիկյանի գծանկարների «Պոլիսը՝ Հին եւ Նոր» եռալեզու պատկերագիրքը», — բացման իր խոսքում նշեց գրադարանի Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով Լաճիկյանին հրավերն ընդունելու և հանդիպմանը մասնակցելու համար։
Լևոն Լաճիկյանի հետ Շիրակի մարզային գրադարանի Արվեստի բաժնի կազմակերպած հանդիպմանը, որը վերածվեց մշակութային նշանակալի իրադարձության, ներկա էին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի Դիզայնի բաժնի ուսանողները, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները, արվեստասեր հասարակություն:
«Մի կողմից ասում եմ, որ նկարիչ չեմ, մյուս կողմից էլ՝ եթե ես չնկարեի, էլի ես ինձ նկարիչ կարող էի համարել, քանզի գեղեցիկը տեսնելը, «ալպիական մանուշակը» զգալը արդեն նկարչություն է։ Գեղեցիկը նկատողը լավ մարդ է, աշխարհին բարին բերող մարդ է», — նշեց մասնագիտությամբ բանասեր Լևոն Լաճիկյանը, ով պատմեց, թե ինչ է իր համար նկարչությունը։ «Յուղաներկի հոտն ինձ համար ապրեցնող, զգլխիչ, ֆրանսիական օծանելիքից ավելին է», — խոստովանեց նա։
Միջոցառման ընթացքում Լևոն Լաճիկյանը պատմեց գրքի ստեղծման պատմությունը, որը հրատարակվել է Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի նախաձեռնությամբ։ Ի դեպ, վերջինս հովվապետական այցերի ընթացքում, որպես լավագույն նվեր, ընծայում էր «Պոլիսը՝ Հին եւ Նոր» եռալեզու պատկերագիրքը (հայերեն, անգլերեն, թուրքերեն)։
Գիրքը, որպես մշակութային ու վավերագրական բացառիկ աշխատանք, վերակենդանացնում է Պոլսի հայկական ներկայությունը, պատմական շերտերն ու քաղաքային հիշողությունը։ «2013 թվականից եմ սկսել անդրադառնալ Պոլիսին, որը ծնվեց սիրուց դեպի այդ քաղաքը՝ առանց քաղաքական ենթատեքստերի։ Հայ մշակույթը հիմնականում դրսում է։ Երբ ինձ հարցնում էին, թե գրքում ինչ շինություններ են ընդգրկված, ես ասում էի, որ բոլոր գեղեցիկ շինությունները, իսկ հետագայում պարզվեց, որ բոլոր գեղեցիկ շինությունների հեղինակները հայեր են», — նշեց Լաճիկյանը, և հավելեց, որ Պոլսում միշտ իրեն զգացել է հարազատ միջավայրում, որտեղ քաղաքը լի է հայ նշանավոր գործիչներով, ինչպիսիք են աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, հայ գրող, հրապարակագիր Ռոպեր Հատտեճյանը, հայ խմբագիր, հասարակական գործիչ Արա Գոչունյանը և այլք։ Գիրքը, որտեղ կան 100-ից ավելի գծանկարներ, 10-ից ավելի տարիների Պոլիս այցերի արդյունք է։
«Այս գիրքը մշակութայնի գեղեցիկ գանձ է մեր հայության համար։ Լևոն Լաճիկյանին ես ընդունում եմ ոչ թե որպես գծանկարիչ, այլ որպես գեղանկարիչ, քանի որ իր պատկերների մեջ կյանք, ոգի ու շունչ կա», — շնորհակալական իր խոսքում նշեց բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մարգարյանը՝ մաղթելով վերջինիս նորանոր ստեղծագործական վերելքներ։
«Համոզված եմ, որ այսօրվա ներկաները շատ բան սովորեցին, որոնց մեջ էի նաև ես։ Այս հանդիպման պահանջը բոլորս ունեինք», — հանդիպումն այսպես եզրափակեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով