Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Է՜ն ուրիշ Ֆրունզիկը

«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ու իր մասին էն ուրիշ պատմությունները Շիրակի մարզային գրադարանում
«Ֆրունզն էր մեզ «հուշում», թե ինչ ուղղությամբ գնանք ու ինչպես նկարենք ֆիլմը, ես դրան հավատում եմ», — նշեց «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի հեղինակներից Շուշանիկ Սահակյանը Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Շուշանիկ Սահակյանի ու Հովհաննես Պապիկյանի հեղինակած վավերագրական այս ֆիլմը նվիրված է մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին։ Հեղինակները փորձել են բացահայտել Մհեր Մկրտչյան մարդու, լեգենդար դերասանի, արվեստագետի ու մտավորականի ներաշխարհի նոր շերտերը՝ ներկայացնելով մինչ այժմ չպատմված ու քիչ հայտնի պատմություններ, իրադարձություններ։
Հանդիպումը կազմակերպվել էր մեծ դերասանի ծննդյան 95-ամյակի առթիվ՝ միավորելով կինոն, հիշողությունները և սերը մեծ արվեստագետի նկատմամբ։ Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում հավաքվել էին արվեստագետներ, դերասաններ, կինոյի սիրահարներ և պարզապես մեծանուն դերասանի արվեստով հետաքրքրված մարդիկ։
2010 թվականին, դեռ 19-րոպեանոց ֆիլմն առաջին անգամ մասնակցել է օնլայն հեռուստատեսային մրցանակաբաշխության ու շահել խրախուսական մրցանակ, այնուհետ, բազմիցս մոնտաժվելուց հետո, ստացվել է ֆիլմի 47-րոպեանոց տարբերակը:
Մինչ ֆիլմի դիտումը գրադարանում ներկաները բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմի նկարահանման ընթացքի մանրամասներին ու գաղտնիքներին անմիջականորեն ֆիլմի հեղինակ Շուշանիկ Սահակյանի ներկայացմամբ։ Մհեր Մկրտչյանի հետ կապված իր հիշողություններով կիսվեց նաև մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Էդուարդ Պողոսյանը, ով դերասանին առաջին անգամ հանդիպել է դեռևս 1947 թվականին։
Օրվա մթնոլորտը հարստացավ «Կտոր մը երկինք» ֆիլմի համար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած ստեղծագործության կատարումով, որով հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, դաշնակահար Տ․Հովհաննիսյանը։
Այս ջերմ ու մտերմիկ հանդիպումից հետո Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունը։ Հանդիպման մասնակիցներին ողջունեց գրադարանի տնօրեն Ս․Գևորգյանը։ Դիտումից առաջ Մհեր Մկրտչյանի ձայնի նմանակությամբ հանդես եկավ շոումեն Արթուր Մուսայելյանը։ Ֆիլմում Ֆրունզիկի արվեստի սիրահարները ծանոթացան արտիստի հարցազրույցներին, ֆիլմերում ու թատերական ներկայացումներում կերտած կերպարներին: Որպես ֆիլմի կարևոր առանձնահատկություն պետք է նշել այն, որ ֆիլմում չեն հնչում այլ ձայներ, իր մասին պատմում է հենց ինքը` Ֆրունզիկը:
Ֆիլմի ավարտին ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, շնորհակալական խոսք հղելով հեղինակներին հետաքրքիր ֆիլմի ստեղծման, Շիրակի մարզային գրադարանի արվեստի բաժնի վարիչ Հ․Ավետիսյանին՝ հանդիպումը նախաձեռնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով