Աշխարհին մանկան ժպիտ է պետք
Հունիսի 1-ը` գրադարանի փոքրիկ ընթեցողների տոն․
«Աշխարհին մանկան ժպիտներ են պետք»,- երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական իր խոսքում նշեց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Ս.Գևորգյանը:
Այս օրը գրադարանի դռները բաց էին բոլոր փոքրիկ այցելուների առաջ, որոնք գրադարանը լցրել էին մանկական աշխույժով ու ծիծաղով ։
Քանի որ այս տարի նշվում է մանկագիր Աթաբեկ Խնկոյանի 155-ամյակը, Մանկապատանեկան բաժնի նախասրահում տեղադրվել էր նրա առակների նոր հրատարակությունների ցուցափեղկ։
Երեխաները սիրով ծանոթացան գրողի ստեղծագործությունների նոր հրատարակություններին, որոնցով հարուստ է բաժնի հավաքածուն։ Գրքերի շապիկների նկարներով գեղեցիկ ձևավորված ստենդը ևս երեխաները դիտեցին ակտիվ հետաքրքրությամբ՝ ճանաչելով ներկայացված գրական հերոսներին։
Մանկապատանեկան բաժնի ծրագրված միջոցառումը անցկացվեց գրադարանի բակում, որը զարդարված էր գունագեղ թղթե ժապավենաշարերով ու փուչիկներով, Մերկուրովի անվ․ նկարչական դպրոցի սաների աշխատանքներով։
Միջոցառման մեկնարկը տրվեց մանկագրի հայտնի «Գայլն ու գառը» առակով, որը տիկնիկային ներկայացման տարբերակով ցուցադրեց մանկապատանեկան բաժնի աշխատակցուհի Սուսաննա Պառավյանը։
Այնուհետ ներկայացվեց երաժշտական ծրագիրը․ դաշնամուրի նվագակցությամբ հանդես եկավ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի աշակերտ,շեփորահար Գրիշա Մատինյանը ( հատված Բիզեի «Կարմեն» օպերայից՝ «Խաբաներա», դասատու Նորիկ Սահակյան, նվագակցող Մարիամ Ղուկասյան), Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաներ Լյովա Իլոյանը և Արմեն Հովիկյանը կատարեցեին Սայան-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» ստեղծագործությունը (քամանչա և դհոլ), պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Գոհարներ» (գեղարվեատական ղեկավարԱ.Պարունակյան) և «Հազար գույներ» ( պարուսույց Հ.Հովհաննիսյան) պարային համույթները , ներկայացվեցին տարբեր ազգերի ժողովրդական պարեր:
Մենապարերով հանդես եկան նաև գրադարանի փոքրիկ ընթերցողներ Հասմիկ Հովհաննիսյանն ու Ռիտա Հարությունյանը: Փոքրիկներն առանձնակի ակտիվությամբ մասնակցեցին նկարչական խաղային աշխատանքին: Թե երեխաները, թե նրանց ուղեկցող ծնողները հետաքրքրությամբ դիտեցին գրադարանի բակում ցուցադրված Մերկուրովի անվ․ նկարչական դպրոցի սաների նկարչական աշխատանքները ։
Գրադարանի Մանկապատանեկան բաժնի նախաձեռնած Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը ուրախությամբ լի տոն լինելուց բացի, երեխաներից շատերի համար դարձավ գրադարանը բացահայտելու, գրքերի աշխարհին ծանոթանալու, նրանց հանդեպ հետաքրքրություն ձևավորելու, արվեստի տարբեր ձևերին հաղորդակցվելու հնարավորություն, որը, կարծում ենք, դեռ երկար կմնա նրանց հիշողության մեջ։
