Սպասված հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ
Շիրակի մարզային գրադարանի հյուրն էր «Սև Հովազ 1», «Սև Հովազ 2», «Գաղութ», «Գաղտնիքների տիրակալը», «Թակարդը», «Վերջին անգամ ենք ապրում», «Մենակը», «Ռեզիդենտ», «Արտերն սպասում են հնձվորին» գրքերի հեղինակ, ժամանակակից սիրված գրող ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱԸ: Հեղինակի հետ հյուր էր եկել նաև նրա գրքի հերոսներից Ջոն Հաննիսյանը: Գրադարանի «Վերնահարկ» սրահում հավաքվել էին գրողներ, դասախոսներ, ուսանողներ, մանկավարժներ, ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներ: «Սև հովազ 2» գրքի շնորհանդեսին ներկա գտնվելը առիթ էր բոլորին վայելելու սիրելի գրողի ներկայությունը, լսելու նրա կենդանի խոսքն ու զրույցը: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը ողջունելով հյուրերին, իր խոսքում նշեց, որ գրադարանը իր աշխատանքային ծրագրերում հաճախ է անդրադառնում այնպիսի գրողների հետ հանդիպումների կազմակերպմանը, որոնց ստեղծագործություններով առավել շատ են հետաքրքրվում ընթերցողները: Գ. Ամիրյանի բացման խոսքից հետո ներկաները հնարավորություն ունեցան լսելու իրենց սիրելի հեղինակին : Պարոն Աղաբաբյանը մանրամասն ներկայացրեց իր նոր գիրքը, այն գրելու հանգամանքները: Այնուհետ զրույցի ընթացքում, կենդանի հարց ու պատասխանի միջոցով ներկաները հետաքրքիր տեղեկություններ ստացան հեղինակի աշխատելաոճի, նրա հերոսների կերտման, իրականի ու ոչ իրականի միաձուլման, փաստերի մշակումից մինչև գիրք գրելու դժվարին ուղու մասին: Շնորհանդեսի ընթացքում հեռուստաէկրանին ցուցադրվում էին հեղինակի գրքերի մասին պատմող հետաքրքիր տեսանյութեր:
Միջոցառման կազմակերպիչները ընթացքում նաև հետաքրքիր անակնկալ էին կազմակերպել մասնակիցների համար: Նրանց հատկացված թերթոնների վրա գրված էին Աղաբաբյանի գրքերից մեկական նախադասություն: Պահանջը հստակ էր՝ պետք է որոշվեր, թե որ գրքից էին այդ տողերը: Հաշվարկով պարզվեց, որ մասնակիցների 87 տոկոսը ճիշտ էր գուշակել առաջադրված պահանջը, որն ինչ խոսք հաճելիորեն զարմացրեց հեղինակին:
Գրադարանի ընթերցող, կոնսերվատորիայի սան Գևորգ Կիրակոսյանը իր հրաշալի վոկալով լրացրեց շնորհանդեսի գեղարվեստական մասը:
Ներկաներին հուզող բոլոր հարցերին հեղինակը սպառիչ պատասխաններ տալուց հետո, որպես շնորհանդեսի վերջաբան` իր մակագրությամբ գրքեր նվիրեց և գրադարանին և լավագույն ընթերցողներին: Գրքի շնորհանդեսն անցավ շատ հագեցած, դրական, բացահայտումներով լի մթնոլորտում: