Աշոտ Աղաբաբյան «Սև հովազ-1»
Շիրակի մարզային գրադարանի ընթերցողնիրին արդեն հասանելի է Աշոտ Աղաբաբյանի հերթական գլուխգործոցներից մեկը՝ «Սև հովազ-1» վեպը:
«Սև հովազ-1» վեպը հեղինակի իններորդ գիրքն է: Արցախյան երեք պատերազմներն ու մինչև մեր օրերն ընդգրկող ժամանակների (1989–2023 թթ.) մասին պատմող գեղարվեստական վեպի այս բացառիկ հերոսները ամենագաղտնի խմբավորման
անդամներ են, որոնց մասին գրվում է առաջին անգամ։ Այս գիրքը ծրագրային վեպ է՝ առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը՝ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը` թե ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին: Գիրքը, այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, ըեթերցողն այդպես էլ պետք է ընկալի: Վեպը բաղկացած է երկու մասից՝ «Սև հովազ-1» և «Սև հովազ-2»: Երկրորդ մասը լույս կտեսնի երկու ամիս անց: Աշոտ Աղաբաբյանի բեսթսելեր համարվող գրքերից հետո («Ռեզիդենտը», «Մե. նակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղութ» և այլն) այս վեպն առաջինն է, որում հեղինակը անդրադառնում է մեր ժամասնակներին:
«Փրկել մայրիկի կյանքը»
… Բարձրահասակ, ձիգ կազմվածքով, զինվորական քայլվածքով երիտասարդը երկրի նախագահի նստավայր մտավ՝ առանց անցաթուղթ ցույց տալու։ Դեմքով գիտեին: Մինչև վերջերս նա նախագահի թիկնազորում էր աշխատում, հետո անձամբ նախագահը նրան ուղարկեց Հատուկ ծրագրերի վարչություն: Այս օղակը նաև Ղարաբաղի ներկայացուցչություն էր կոչվում: Նախագահը մի օր կանչեց և ուղարկեց այդ վարչություն:
Դու լեզգիների, ավարների ու թալիշների պատմությամբ խորացած գիտելիքներ ունես, այնտեղ քո կարիքն ավելի շատ կզգացվի: Դա մեկուկես ամիս առաջ էր։ Իսկ հիմա շտապում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ՝ նրա իսկ խնդրանքով: Բայց ավելի շատ շտապում էր ոչ թե նրան լսելու, այլ հնարավորինս շուտ այդ շենքից դուրս գալու համար: Ուզում էր րոպե առաջ վերադառնալ հիվանդանոց, որտեղ ողջ գիշեր արթուն նստած էր մոր սնարի առջև։ Բժիշկները հրաժարվում էին վիրահատել մորը։ Փրկության ոչ մի հույս չկար: Անզորությունից ինչքան էլ քեզ պատեպատ տաս, ոչնչով չես օգնի: Աչքերիդ առջև մայրդ դանդաղ քեզանից հեռանում է: Ինքը միշտ մտածում էր, որ Աստված ամեն ընտանիքում, ամեն օջախում իր առաքյալն ունի՝ մոր տեսքով: Եվ հիմա Աստծո առաքյալ իր մորը փրկելու ոչ մի շանս չունի։ Ատամներդ անզորությունից կրճտացնելով՝ ոչնչուվ չես օգնի: Մտքերի մեջ իր հետ խոսելով՝ չնկատեց, թե երբ հասավ երկրորդ հարկ…