Զավեն Կոշտոյան
Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանին նվիրված հուշ երեկո: Գյումրեցի քանդակագործին հիշեցին իր մտերիմները,հարազատները , աշակերտները ու պարզապես այն մարդիկ, ովքեր ժամանակին որևէ առնչություն են ունեցել արվեստագետի հետ: Գրադարանում ` թեյի սեղանի շուրջ, պատմեցին դրվագներ ու պատմություններ քանդակագործի կյանքից: Զավեն Կոշտոյանը այն ստեղծագործողներից էր, ով ձևավորում էր բնակավայրի պատմությունն ու նկարագիրը: Նա չի խոսել իր կատարած գործի մասին, չի փնտրել փառքի դափնիներ, այլ լուռ արարել է հոգևոր արժեքներ, որոնց կարևորությունն ու նշանակությունն էլ ավելի է ընդգծվում ժամանակի հեռավորությունից ու նրա ակամա բացակայությունից: Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը հետաքրքիր դրվագներ ու իրողություններ պատմեց արվեստագետից, օրինակ այն, որ բոլորին հայտնի «Բամբիռ » խմբի անվանումը, առաջարկել է հենց ինքը Կոշտոյանը: Զավեն Կոշտոյանի ընտանիքի անդամները ևս հետաքրքիր պատմություններ պատմեցին արվեստագետի մասին: Զավեն Կոշտոյանի անունը կարելի էր համարել Գյումրի բառին հոմանիշ, քանի որ նրա ստեղծագործությունները սերտաճել ու ձուլվել են Գյումրու կենսագրությանը: