Սուրբ Զատկ
Շիրակի մարզային գրադարանում աշխույժ եռուզեռ էր: Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից Սուրբ Զատկի տոնը` գրադարանում միասին նշելու էին եկել Գյումրու Օյունջյան դպրոց-վարժարանի, «Ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաները, Գյումրու թիվ 6, 7, 8, 25, 41, 45 դպրոցների աշակերտները: Մանկապատանեկան բաժնի աշխատակիցները /բաժնի վարիչ՝ Ս. Գևորգյան/ միջոցառման խորհրդին համահունչ վերնահարկ սրահը զարդարել ու գունագեղ տեսքի էին բերել: Էկրանից հնչում էր շնորհավորանք և մեծ ավետիս .
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ…
Ձևավորված էին սեղաններ՝ Քրիստոս Տիրոջ խաչելիությանը նախորդող ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդին համապատասխան:
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ներկայացրեցին «Ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաները:
Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ ներկայացրեցին Օյունջյան դպրոց-վարժարանի սաները:Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը Քրիստոսն անիծեց անպտուղ թզենին, և այն իսկույն չորացավ: Անպտուղ թզենին օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով:
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻՆ ներկայացրեցին թիվ 41 հիմնական դպրոցի աշակերտները: Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այդ օրը Արարիչը մարդու կերպարանքով զգեստավորված, նստում է Ձիթենյաց լեռան վրա, պատմում իր երկրորդ՝ հրաշափառ գալստյան մասին: Վերջում այդ ամենն ամփոփում է «Տասը կույսերի» առակով: Տասը կույսերը խորհրդանշում են ամբողջ մարդկային ցեղը, իսկ նրանց լապտերների յուղը՝ ողորմությունն ու մարդասիրությունը:
ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ ներկայացրեցին Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները: Այդ օրը հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթի օրը հիշատակն է նաև Տիրոջ մատնության, որ կատարվեց Նրա աշակերտ Հուդայի կողմից՝ քահանայապետերից ստացած 30 արծաթի դիմաց :
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ նեկայացրեցին Գյումրու թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները: Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին:
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո՛ տվեց սուրբ Խորհուրդը:
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԸ ներկայացրեցին Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտները: Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ Ը ներկայացրեցին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտները:Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Այս օրը Հիսուսը ավերեց մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը:Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ իրենց գեղեցիկ մեկնաբանություններով ներկայացրեցին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտները:
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա մեկնությունը միջոցառման մասնակից աշակերտների կողմից ուղեկցվում էր ուրախ ու անկաշկանդ երգով ու պարով : Խորհրդավոր ընթրիքի և ոտնլվայի արարողությունը թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրեցին փոքրիկ բեմադրության տեսքով:
Միջոցառման ավարտին Շիրակի թեմի հոգևոր հովիվ տեր Փավստոսը օրհնեց մասնակիցներին, մեկնեց Մեր Տեր Հիսուս Փրկչի Հարության խորհուրդը, ավանդույթների պահպանման կարևորությունը և տերունական աղոթքով ամփոփեց ասելիքը: Գրադարանի փոխտնօրեն Գ. Գևորգյանը հայտնեց իր շնորհակալությունը միջոցառման մասնակից ուսումնական հաստատությունների մանկավարժներին, աշակերտներին՝ մարզային գրադարանի հետ համագործակցության, միջոցառմանը ակտիվ մասնակցության համար և բոլորին հրավիրեց տոնական-զատկական հյուրասիրության: Միջոցառումն իր անցկացման ձևաչափով առանձնահատուկ էր և շատ գեղեցիկ: Աննկարագրելի էր մասնակիցների ոգևորությունն ու խանդավառությունը: