Արևմտահայերեն պոեզիայի առցանց փառատոն


ՇՄԳ արևմտահայերենի կայքէջի (arevmtahayeren-shmg.am) վերջին նախաձեռնություններից մեկը արևմտահայ բանաստեղծության փառատոն կազմակերպելն էր, որին մասնակցելու ցանկություն էին հայտնել աշխարհի 15 երկրների 34 ստեղծագործողներ:Առցանց փառատոնն անցկացվեց մարտի 21-ին, պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ: Փառատոնին հետևելու համար գրադարան էին հրավիրվել մարզի մշակութային, կրթական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես ՀՀ ԳԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա. Հայրապետյանը, ՀՀ Գրողների միության Շիրակի բաժանմունքի քարտուղար Ա.Կարապետյանը և ծնունդով Շուշեցի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը: Ներկաների թվում էին նաև պոեզիայի օրվա առիթով կազմակերպված գրական ցերեկույթի մասնակից դպրոցականներ, մանկավարժներ, ինչպես նաև ընթերցողներ եվ գրադարանի աշխատակիցներ:Ծանոթանալով փառատոնին ներկայացված նյութերին` ներկաները, ողջունելով նախաձեռնությունը, գնահատեցին նրա դերը արևմտահայերենը մոռացությունից փրկելու օրախնդիր գործում: Ծավալված մտքերի աշխույժ փոխանակության ընթացքում միտք հղացավ հրատարակված ունենալու, իր տեսակի մեջ եզակի, այս նախաձեռնության մասնակիցների գործերի տպագիր ալմանախ: ՀՀ Գրողների միության Շիրակի բաժանմունքի քարտուղար Ա.Կարապետյանը պարտավորվեց մինչև տարեվերջ փառատոնին ներկայացված նյութերը պարբերաբար տպագրել ՀԳՄ Շիրակի բաժանմունքի «Եղեգան փող» պաշտոնաթերթում:Փառատոնի ընթացքին հետաքրքրությամբ և ուշադրությամբ հետևում էին նաև ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության պահպանության վարչության աշխատակիցները (Նազիկ Հովասափյան, Արմեն Սարգսյան, Տաթևիկ Սուքիասյան):Շիրակի մարզային գրադարանը նախատեսում է փառատոնը դարձնել ավանդական, կազմակերպել ամեն տարի` Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով