Գրքի շնորհանդես

Եվս մեկ գյումրեցի գրողի գիրք դրվեց ընթերցողների սեղանին`Արմենուհի Մխիթարյան-Ալիխանյանի «Ծանրացած ջրեր» ժողովածուն, որի հրատարակմանն աջակցել է Գյումրու քաղաքապետարանը: Հեղինակը գիրքը նվիրել է արցախյան հերոսամարտերում իր մահկանացուն կնքած եղբոր`Արտավազդ Ալիխանյանի հիշատակին,ով եղել է «Դիզակ» ջոկատի հրամանատարը,զոհվել 1992-ին,Սրխավենդում:
Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում անցկացվող գրքի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ.Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Ս.Ավետիսյանը, գրողներ, մշակույթի ոլորտի աշխատողներ, ուսանողներ, գրողի ընտանիքի անդամները:
Ողջունելով հեղինակի հոգևոր առաջնեկի ծնունդը, ՀԳՄ Շիրակի բաժանմունքի քարտուղար Ա.Կարապետյանը այն բնորոշեց որպես` «հեղինակի կաթիլ-կաթիլ երազանք, որը գրքի տեսքով հասել է մեզ»:
Շնորհանդեսի հանդիսավար բանաստեղծուհի Ռ.Հովհաննիսյանի կարծիքով « գրողների հետ հանդիպումը դառնում է վերելք, որն ապրում ենք գրադարանի հարկի տակ»: Գրքի մասին ելույթներում ընթերցողի անկեղծ տպավորություններ էին: Ս.Ավետիսյանը, փոխանցելով Գյումրու քաղաքապետի շնորհավորանքը հեղինակին , մասնավորապես նշեց. « արվեստի արժեքը սրտից-սիրտ փոխանցվելն է, որն առկա է պատմվածքներում»: Գրականագետ Կ.Մարտիրոսյանը ժողովածուն արժևորեց գեղարվեստական խոսքի առաջ դրվող պահանջի տեսակետից: Գրքի մասին իրենց կարծիքներն արտահայտեցին գրողներ Հ.Մուշը, Ա.Արթյանը,Շ.Շահինյանը,Մ.Մուրադյանը, հեղինակի զարմուհին` Արտավազդ Ալիխանյանի դուստր Լուսինեն և այլոք:
Շնորհանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Երևանի Կոմիտասի անվ.պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները `Տաթև Մինասյանը/վոկալ/, Տիգրան Կարապետյանը/ջութակ/, Միքայել Պետրոսյանը/թավջութակ/: Գրողի ստեղծագործություններից ընթերցեցին Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ Սոնա Մկրտչյանը և Դավիթ Մարդոյանը:
Մարզային գրադարանը պատրաստակամ է իր հարկի տակ ընդունելու վերելքի ճամփով ընթացող բոլոր ստեղծագործողներին, որոնց հետ հանդիպումը ընթերցողների գեղագիտական դաստիարակության արդարացված միջոց լինելուց զատ, նպաստում է թե գրողների ստեղծագործությունների հանրայնացմանը, թե գրադարանների մասին հասարակական կարծիքի ամբողջացմանը:
Ներկայացնում ենք ժողովածուի մեջ ամփոփված հեղինակի չափածո ստեղծագործության մեկ նմուշ.

Մեկ էլ տեսար ներսս մթնում,
Ջրով լիքը ամպ է դառնում,
Եվ ուր որ է շանթ կարձակի
Ու կանձրևի~, ու կանձրևի~:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով