Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ազգային գրադարանային շաբաթ օր-1

«Ազգային գրադարանային շաբաթ»-ը Շիրակի մարզային գրադարանում բացվեց Ֆրանկոֆոն միջոցառումով` երկու միջոցառումների չնախատեսված զուգադիպությամբ: Օրվա ծրագիրը հագեցած էր, այն մեկտեղ էր հավաքել ֆրանսերեն լեզու ուսումնասիրող դպրոցների աշակերտների (Ազատան բնակավայրի, Գյումրու թ.10 և 32 դպրոցներ), Գյումրիում գործող «SPFA» հայ-ֆրանսիական և «KASA» շվեյցարական բարեգործական կազմակերպություննների ներկայացուցիչների, ֆրանսիացի կամավորների, ծնողների:

«SPFA»-ի ներկայացուցիչ Ռիմա Խաչատրյանը ներկայացրեց օրվա ծրագիրը, 58 անդամ պետություններ կամ պետությունների մասեր միավորող ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության ու ֆրանսախոս երկրների համագործակցության մասին, որի կարգախոսն է` «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն: Ապա շնորհակալագրեր հանձնվեցին «SPFA» կազմակերպության կամավորներին` երեխաների շրջանում ֆրանսերենի ուսուցողական պարապմունքներ վարելու համար:

Հաջորդիվ ֆրանսիացի գրող Ժան Մոլիերի, իրար հաջորդած, ծննդյան 400 և մահվան 350-ամյակներին նվիրված «KASA» կազմակերպության հայտարարած մրցույթին մասնակցած և մրցանակների արժանացած երեխաների ելույթներն էին`կատակերգական ժանրի մեջ:

Ազատան բնակավայրի դպրոցականների պարային կատարումը Շարլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երկի իմպրովիզացված մեղեդու ներքո էր, Գյումրու թ. 10 և 32 դպրոցների երեխաների ծրագիրը հումորային թատերականացված պատմվածքներ էին: Բոլորն էլ գեղեցիկ կատարումներ` ֆրանսերենով ազատ ու հստակ խոսք, անկաշկանդ ու գեղեցիկ պարեր:

«ԿԱԶԱ»-ի պատասխանատու Ա.Ունուպօղլյանը ներկայացրեց իրենց կենտրոնի առաջիկա անելիքները, ներկաներին հրավիրեց ֆրանսահայ հայտնիների մասին պատմող ֆրանսիացի ռեժիսորի նկարահանած վավերագրական ֆիլմի դիտման:

Գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին լավ մասնակցության համար, կազմակերպություններին`երեխաների հետ տարվող ֆրանսերեն լեզվի տարածմանը նպաստող նվիրված աշխատանքի համար:Շնորհակալություն հայտնվեց նաև գրադարանի Օտարալեզու գրականության բաժնի վարիչ Ն.Բաղդասարյանին միջոցառման կազմակրպման, համակարգման աշխատանքների համար:Բաժինը նաև Ֆրանկոֆոնիային նվիրված գրքային հարուստ ցուցադրություն էր ձևավորել բաժնում, որը ընթերցողների հետաքրքրությունների շրջանակում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով