Արա Առաքելյան՝ Միջնադարյան Եվրոպայի հերոսական էպոսը
Գրքում համակողմանի քննության է ենթարկվում եվրոպական միջնադարյան գրականության ամենակարևոր ժանրերից մեկը՝ էպոսը՝ իր արխայիկ և դասական տարբերակներով: Առանձնակի ուշադրություն է հատկացվում ինչպես էպոսների ծագումնաբանության և ձևավորման, այդ կապակցությամբ դրանց դիցաբանական և պատմական շերտերի հարաբերակցության, այդպես էլ բանարվեստի և համեմատաբանության խնդիրներին: Գիրքը հասցեագրված է գրականագետներին, գրականություն ուսումնասիրող մագիստրանտներին և գրականության ու մշակույթի խնդիրներով զբաղվող լայն լսարանին:
Հատված գրքից
ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ 2.3.
Իսպանական հերոսական էպոսը և «Սիդի երգը»
«Սիդը» սկսվում է հերոսի՝ Սիդ Կոմպեադորի աքսորի պատմությամբ: Նա զոհ է դառնում պալատական չարախոսությունների, որոնց ենթարկվում է Կաստիլիայի թագավոր Ալֆոնս 6-րդը: Նա զայրանում է իր զորավարի վրա և նրան աքսորում երկրից: Նրան մեղադրում են այն բանի համար, իբրև թե յուրացրել է անդալուզցի մավրերից ստացված հարկերի մեծ մասը 807 : Հոգալով կնոջ՝ Հիմենայի և երկու դուստրերի ապահովության մասին՝ նա հրաժեշտ է տալիս նրանց և հեռանում Կաստիլիայից: Աքսորը անպատվություն է Սիդի համար․ դա նշանակում է զրկվել ոչ միայն սեփականությունից, այլև իրավունքներից: Սկզբնական շրջանում նրանից հեռանում են շատ ռազմիկներ, տեղացիները նրա առաջ նույնիսկ դռներն են փակում, քանի որ, թագավորի հրամանի համաձայն, Սիդին կացարան տրամադրողներին սպասվում էին սարսափելի պատիժներ և մահ (27-28): Չնայած ծանր կացությանը՝ Սիդը մնում է անկոտրում, իբրև վասալ՝ պահպանում է հավատարմությունը իր սենյորի՝ թագավորի հանդեպ և աստիճանաբար կարգավորում իր գործերը: Ավելին, թագավորի զայրույթը և հերոսի աքսորը դառնում են կարևոր գործոններ, որոնց շնորհիվ լիարժեքորեն բացահայտվում է Սիդը՝ իբրև էպիկական կերպար: Ինչպես նկատում է Ե. Մելետինսկին, թագավորի և հերոսի բախման մոտիվները լայնորեն տարածված հակադրություն են ներկայացնում՝ հայտնի ինչպես հին, այնպես էլ միջնադարյան էպոսներում, և այդ կապակցությամբ օրինակներ բերում հունական, ռուսական և ֆրանսիական էպոսներից 808 : Տեղին է հատկապես Սիդի համեմատությունը Աքիլլեսի («Իլիական») հետ, քանի որ ինչպես «Իլիականում» Աքիլլեսի քենը, այնպես էլ այստեղ Սիդի աքսորը դառնում են սյուժե կազմակերպող հիմնական գործոններ: Թեև առկա է նաև մի կարևոր տարբերություն: Աքիլլեսի նման Սիդը երբեք չի հակադրվում իր թագավորին: Հերոսի նվիրվածությունը Կաստիլիային և գործիմացությունը շուտով տալիս են իրենց պտուղները: Նա ստիպված է նախ լուծել իր 807 Տե´ս Менендес Пидаль Р., նշվ. գիրքը, էջ 161: 808 Տե´ս ИВЛ, т. 2, М., 1989, էջ 525-529: 295 հետ աքսորված շուրջ վաթսուն հավատարիմ ռազմիկների գոյության միջոցների խնդիրը: Այդ նպատակով նա դիմում է բացահայտ խաբեության. ավազով լցված երկու արկղեր, որոնք ընտանեկան հարստության տեղ հանձնում է հարուստ հրեաներ Հուդային և Ռաքիլին՝ խնդրելով մի տարի չբացել դրանք, և դրանց դիմաց վերցնում է վարկ (85-195): Ապա արաբներից նվաճում է երկու քաղաք և վաճառում նույն արաբներին: Աստիճանաբար մեծանում է Սիդի զորքը և տարածվում նրա համբավը: Խորանալով մուսուլմանական տարածքների մեջ՝ Սիդը նրանց դարձնում է իրեն հարկատու: Նա իր հարուստ ավարից թագավորի համար պատրաստում է նվերներ և իր զորականներից մեկին՝ Ալվար Ֆանիեսին հանձնելով՝ ուղարկում նրան: Նա նվաճում է Կատալոնիան, «մեծ քաղաք Վալենսիան», որտեղ հաստատում է քրիստոնեություն և քահանա կարգում: Եվս երկու անգամ Սիդը ճոխ նվերներ է ուղարկում Թագավորին և խնդրում նրանից թույլտվություն՝ Վալենսիա տեղափոխելու կնոջը և դուստրերին: Հերոսի հաջողությունները և հարստությունը առաջ են բերում կաստիլիացիների ոչ միայն հիացմունքը, այլև նախանձը, քանի որ նրանց մեջ Սիդը ուներ թշնամիներ, մասնավորապես՝ Գարսիա Օրդոնիեսը: Սիդի հեղինակությամբ և հարստությամբ շլացած՝ Կարիոնի երկու թագաժառանգները մտադրվում են ամուսնանալ հերոսի դուստրերի հետ: Ապա տեղի է ունենում թագավորի և Սիդի հաշտությունը, նրանք հանդիպում են Տախո գետի ափին, հանդիսավոր պայմաններում թագավորը ներում է հերոսին, իսկ Սիդը համաձայնում է դուստրերին ամուսնացնել Կարիոնի թագաժառանգների հետ: Թեև սրտի խորքում նա դեմ է փափկասուն կյանքով ապրած և ռազմի գործերին անծանոթ փեսաներին, բայց նաև չի կարող մերժել իր թագավորին:
