Մասնագիտություններ փորձով և պատմություններով` Վահե Տեր-Մինասյան

Շիրակի մարզային գրադարանի «Մասնագիտություններ՝ փորձով և պատմություններով» կրթական նախագծի հերթական հյուրը բժշկական գիտությունների դոկտոր, ուռուցքաբան-գինեկոլոգ, հաղորդավար Վահե Տեր-Մինասյանն էր։
Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում, որը հետաքրքիր հարց ու պատասխանի ձևաչափով վարեց գրադարանի աշխատակցուհի Աննա Հարոյանը: Հյուրը ներկաների հետ կիսվեց մասնագիտական ուղու հետաքրքիր դրվագներով՝ պատմելով մասնագիտության ընտրության, անցած ճանապարհի, ձեռքբերումների, հաջողությունների ու դժվարությունների մասին, սիրով պատասխանեց ներկաների հարցերին, կիսվեց մասնագիտական արժեքավոր խորհուրդներով։ Նրա անկեղծ ու ոգեշնչող զրույցը հնարավորություն տվեց ներկաներին բժշկի մասնագիտությանը ծանոթանալու լիովին այլ տեսանկյունից։
Հանդիպմանը մասնակցում էին Գյումրու պետական բժշկական քոլեջի, թիվ 45 միջնակարգ դպրոցի, թիվ 1 և թիվ 26 ավագ դպրոցների, ինչպես նաև Գյումրու կիրառական հմտությունների պետական քոլեջի սովորողները։ Ներկա էին նաև գրադարանի բազմաթիվ ընթերցողներ և մասնագիտությամբ հետաքրքրված անձինք։
Հանդիպման գեղեցիկ և խորհրդանշական ավարտը դարձավ Վահե Տեր-Մինասյանի կողմից մանուշակի տնկումը։ Արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ արարողությունը խորհրդանշում է նման հանդիպումների շարունակականությունը, նոր գաղափարների ծնունդն ու գիտելիքի սերմանումը։
Իր հերթին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հյուրին՝ բովանդակալից, կարևոր ու ոգեշնչող հանդիպման, անկեղծ զրույցի և մասնագիտական փորձով ու խորհուրդներով կիսվելու համար:
Այս կարևոր հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ մասնագիտական փորձի, գիտելիքի և կյանքի պատմությունների փոխանակումը կարող է ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց բացահայտելու սեփական հնարավորություններն ու ավելի վստահ քայլելու դեպի իրենց ապագա մասնագիտությունը։
