Ընթերցանության հոգեբանություն. Գրքերը որպես ինքնաճանաչման հայելի
Ընթերցանության տարվա նոյեմբեր ամսվա թեման վեպն է։ Շիրակի մարզային գրադարանում ամսվա մեկնարկը տրվեց «Ընթերցանության հոգեբանություն. Գրքերը որպես ինքնաճանաչման հայելի» խորագրով հետաքրքիր և բովանդակալից հանդիպմամբ։
Հանդիպման հյուրն էր հոգեդինամիկ հոգեթերապևտ՝ ինտեգրատիվ մոտեցմամբ, Հայաստանի կլինիկական հոգեբանների էթիկայի խորհրդի նախագահ, «Ալյանս» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Ելենա Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց ընթերցանության և հոգեբանության փոխկապակցվածությունը՝ անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես ենք ընտրում այս կամ այն գիրքը, ինչու ենք ընթերցանության ընթացքում նույնականացվում գրքի որևէ հերոսի հետ և ինչ կարող ենք բացահայտել մեր մասին՝ գրքեր կարդալիս։
«Կարդալիս մենք ճանաչում ենք ինքներս մեզ՝ մեզ արդեն ծանոթ հատկանիշները, մեր մեջ ընդունված ու մերժված կողմերը, այն որակները, որոնք կուզենայինք զարգացնել, չարտահայտված զգացմունքներն ու ներքին հակասությունները, և այն հարցերի պատասխանները, որոնք փնտրում ենք»,- իր խոսքում նշեց Ելենա Հովհաննիսյանը։
Քննարկման ընթացքում ներկաները կիսվեցին ընթերցանության իրենց անձնական փորձով, խոսեցին գրքեր ընտրելու սովորույթների և ընթերցանության հոգեբանական ազդեցության մասին՝ բացահայտելով, որ գիրքը ոչ միայն գիտելիքի ու մտքի զարգացման աղբյուր է, այլև ինքնաճանաչման յուրահատուկ ճանապարհ։
Հանդիպման ավարտին գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանը ողջունեց նման նախաձեռնությունները՝ կարևորելով ընթերցանությանը հոգեբանական տեսանկյունից անդրադառնալու և գրքի միջոցով ինքնաճանաչման հնարավորությունները բացահայտելու նշանակությունը։
