«ԴաՎինչի» հրատարակչության հիմնադիր՝ Հայկ Աջապահյանի հետ
Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էր սիրված գրող, մանկագիր, հրատարակիչ, «Կախարդական գրադարանը» մանկապատանեկան գրքերի շարքի հեղինակ, «ԴաՎինչի» հրատարակչության հիմնադիր տնօրեն Հայկ Աջապահյանը։ Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ վերածվելով գրքի, գրականության և ընթերցանության շուրջ անկեղծ ու հետաքրքիր զրույցի։ Հանդիպումը վարեց գրադարանի մանկապատանեկան բաժնի աշխատակցուհի Սուսաննա Պառավյանը։
Հյուրն իր անկեղծ պատմություններով երեխաներին ու պատանիներին տարավ գրական աշխարհ՝ պատմելով գրող դառնալու իր երազանքի, այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների, ստեղծագործելու առանձնահատկությունների և գրողի մասնագիտության կարևորության մասին։ Նա սիրով ներկայացրեց իր հեղինակած մանկապատանեկան գրքերի շարքը, անդրադարձավ դրանց ստեղծման պատմությանն ու ընթացքին, ինչպես նաև փոքրիկ բացահայտում արեց առաջիկայում լույս տեսնող իր նոր գրքի մասին՝ էլ ավելի մեծացնելով ներկաների հետաքրքրությունը։
Հանդիպմանը ներկա էին ավելի քան հարյուր երեխա ու պատանի, որոնք ակտիվորեն մասնակցեցին զրույցին՝ ուղղելով իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր և ստանալով սպառիչ ու հետաքրքիր պատասխաններ։ Հեղինակի հետ անմիջական շփումը նրանց հնարավորություն տվեց ավելի մոտիկից ճանաչելու գրողին, բացահայտելու գրքերի ստեղծման գաղտնիքներն ու ևս մեկ անգամ համոզվելու, որ յուրաքանչյուր գրքի հետևում մեծ աշխատանք, երևակայություն և սեր կա։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը՝ կարևորելով նման հանդիպումների դերը՝ նոր սերնդի ընթերցասիրության խթանման և գրքի նկատմամբ հետաքրքրության ձևավորման գործում։ Նման նախաձեռնություններով Շիրակի մարզային գրադարանը շարունակում է ամրապնդել կապը հեղինակների և ընթերցողների միջև՝ դառնալով մի յուրահատուկ կամուրջ:
