Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Աշոտ Աղաբաբյանինի «Կարդինալը» վեպի հանդիսավոր շնորհանդես

Շիրակի մարզային գրադարանի նախաձեռնությամբ «Գրանդ Հոթել Գյումրի» հյուրանոցային համալիրում կայացավ հայ ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի թվով 12-րդ «Կարդինալը» վեպի հանդիսավոր շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցելու էին հավաքվել գրականության, պատմության և մշակույթի բազմաթիվ սիրահարներ, մասնավորապես՝Շիրակի մարզի համայնքային գրադարանների աշխատակիցներ։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Շիրակի մարզային գրադարանի մենեջմենթի գծով տնօրենի տեղակալ Գևորգ Ամիրյանը: Միջոցառումը սկսվեց ջութակահար Մերուժան Գևորգյանի հանդիպման բնույթին համահունչ երաժշտական ողջույնով:
Միջոցառումը վարող Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Նազմինե Բաղդասարյանը ներկայացրեց գրողի անցած ստեղծագործական ճանապարհը, անդրադարձավ «Կարդինալը» վեպի գաղափարական հիմքերին և արժեքներին. «Վեպի առանցքում մարդն է` իր հավատով, ընտրությամբ, բարոյական սկզբունքներով և հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ»,- նշեց նա:
Վեպի և հեղինակի գրական վաստակի վերաբերյալ իր գնահատականը ներկայացրեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը. «Աշոտ Աղաբաբյանը 12 վեպ է գրել, և այդ վեպերը ձեռքից ձեռք են խլվում։ Պատճառն այն է, որ Աշոտը գրում է վարպետորեն, գրում է այն, ինչ անհրաժեշտ է գտնում իր ժողովրդի համար»։
Գրական խոսքին հաջորդեց երգեհոնահար Սեդա Ղազարյանի երաժշտական կատարումը՝իր հուզական հնչեղությամբ յուրահատուկ շունչ հաղորդելով միջոցառմանը։
Հաջորդիվ խոսքը հեղինակինն էր:Գրողը ներկաների հետ կիսվեց «Կարդինալը» վեպի ստեղծման պատմությամբ, խոսեց իրականացրած ուսումնասիրությունների, պատմական աղբյուրների և գրքի ստեղծման ճանապարհին իրեն ուղեկցած հետաքրքիր դրվագների մասին։
Վեպի մասին իրենց կարծիքներով հանդես եկան «Շիրակ» հայրենակցական միության ներկայացուցիչ Արմինե Նազարեթյանը, Կարդինալ Գրիգոր Պետրոս XV Աղաջանյանի տոհմի շառավիղ Գագիկ Աղաջանյանը, «Գրանդ Հոթել Գյումրի»-ի սեփականատեր Աշոտ Բաղդասարյանը, Շիրակի մարզային գրադարանի ընթերցողներ, մարզի համայնքային գրադարանների աշխատակիցներ:
Հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր Արմեն Դարբինյանն իր ելույթում ընդգծեց. «Այն գրքերը, որոնք Աշոտը գրել է, մեծագույն նպաստ են մեզ բոլորիս, որովհետև Աղաբաբյանը տեղում գտնում և վեր է հանում այնպիսի ճակատագրեր, որոնք մեզ ստիպում են հասկանալ, որ մենք՝ հայերս, ավելի լավն ենք, քան կարող ենք պատկերացնել»։
Դահլիճում ներկա ընթերցասերները հնարավորություն ունեցան հեղինակին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, կիսվելու իրենց տպավորություններով և անմիջական զրույց ունենալու նրա հետ։ Ցուցադրվեց նաև մարզային գրադարանի աշխատակցուհի Ս. Հարությունյանի պատրաստած «Կարդինալը» վեպի գաղափարական ու պատմական հիմքերին անդրադարձող տեսանյութ ։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը բովանդակալից, հետաքրքիր ու հիշարժան հանդիպման համար շնորհակալություն հայտնեց և Աշոտ Աղաբաբյանին, և միջոցառման կազմակերպման բոլոր աջակիցներին։
Հանդիպման մասնակիցները Kardalove գրական հարթակի նախաձենության շնորհիվ հնարավորություն ունեցան զեղչված արժեքով տեղում ձեռք բերելու Ա.Աղաբաբյանի «Կարդինալը» և մյուս տեղծագործությունները:
Հեղինակն իր ստեղծագործությունների փաթեթներ նվիրեց Շիրակի մարզի համայնքային գրադարաններին:
Գյումրեցի ընթերցասերների,մայրաքաղաքից ժամանած հյուրերի մասնակցությամբ անցկացված շնորհանդեսը հաստատումն էր այն բանի, որ ճիշտ գրականությունը կարող է դառնալ մարդկանց համախմբելու, արժեքների ու գաղափարների շուրջ երկխոսություն ծավալելու կարևոր հարթակ։
«Կարդինալը» վեպը հիշեցնում է, որ պատմությունը կերտում են ոչ միայն պետություններն ու իշխանությունները, այլև սկզբունքային մարդիկ, որոնք կարողանում են հավատարիմ մնալ ազգային ու հոգևոր արժեքներին անգամ ամենաբարդ իրավիճակներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով