Մայիսյան հերոսամարտերը
ՇՄԳ-ի ընթերցասրահում տեղի ունեցավ «Մայիսյան հերոսամարտերը» թեմայով հետաքրքիր և բովանդակալից սեմինար, որը վարեց գրադարանի աշխատակցուհի Ռոզետա Միքայելյանը։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան 20-րդ դարասկզբին Արևելյան Հայաստանում տիրող հասարակական-քաղաքական բարդ իրադրությանն ու թեմայի պատմական զարգացումներին: Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին՝ ընդգծելով հայ մարտիկների աննկուն կամքը, անձնվեր նվիրումն ու հայրենիքի պաշտպանության համար մղած հերոսական պայքարը։
Մայիսյան հերոսամարտերը բացառիկ նշանակություն ունեն հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես ազգային գոյության պահպանման, պետականության վերածննդի և հաղթանակի խորհրդանիշ։
Մայիսյան հաղթանակները կերտվեցին ազգային մտածողությամբ օժտված այնպիսի անհատների շնորհիվ, ինչպիսիք ենԳարեգին Նժդեհը, Անդրանիկը, Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը և շատ ուրիշներ: Սեմինարի ավարտից հետո ներկաները մասնակցեցին «Մայիսյան հերոսամարտեր» թեմայով Kahoot ինտերակտիվ խաղին, որը ոչ միայն հետաքրքիր ու աշխույժ մթնոլորտ ստեղծեց, այլև հնարավորություն տվեց ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։ Նման կրթական ու հայրենաճանաչողական միջոցառումների կարևորությունն անչափ մեծ է երիտասարդ սերնդի պատմական գիտակցության ձևավորման և ազգային արժեքների պահպանման գործում։
