ՄարիԳլենն՝ Վերադարձ արմատներին
Այսօր Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում կայացավ յուրահատուկ ու ջերմ մթնոլորտով գրական-երաժշտական հանդիպում՝ շեքսպիրյան միության հիմնադիր անդամ, «Վերադարձ արմատներին» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի փոխնախագահ, շեքսպիրագետ, արձակագիր, բանաստեղծուհի և թարգմանչուհի Մարինա Հակոբյանի՝ ՄարիԳլեննի հետ։
Հանդիպման առաջին հատվածում հյուրն անդրադարձավ Հայ-շեքսպիրյան միության գործունեությանը և կարևոր առաքելությանը՝ ներկայացնելով այն որպես մշակութային արժեքների պահպանման և տարածման կարևոր հարթակ։ Այնուհետև զրույցը տեղափոխվեց Ուիլյամ Շեքսպիրի գրական աշխարհ։ Ներկաները լսեցին մեծանուն դրամատուրգի կյանքի, նրա թողած հսկայական գրական ժառանգության և համաշխարհային մշակույթում ունեցած անգնահատելի դերի մասին։ Խոսվեց այն մասին, թե ինչպես են աշխարհի տարբեր թատրոններ իրենց ազգային առանձնահատկություններին բնորոշ յուրօրինակ մեկնաբանություններով ու բեմական լուծումներով ներկայացրել Շեքսպիրի հանրահայտ ստեղծագործությունները։
Գրական զրույցին հաջորդեց հոգևոր երաժշտությամբ լեցուն մի գեղեցիկ հատված․ ՄարիԳլեննը կատարեց հոգևոր շարականներ՝ երգեհոնահար Ալբերտ Վարդանյանի նվագակցությամբ:
Հանդիպման հաջորդ հատվածում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու բանաստեղծուհու ստեղծագործություններից մի քանիսը՝ ինչպես հենց հեղինակի, այնպես էլ ներկաների ընթերցմամբ։ Միաժամանակ խոսվեց նաև Մարինա Հակոբյանի կյանքի ուղու, ստեղծագործական որոնումների և գրական գործունեության մասին։
Միջոցառման ավարտը ևս երաժշտական էր․ Մարինա Հակոբյանը հանդես եկավ կիթառի նվագակցությամբ կատարումներով՝ հաղորդելով հանդիպմանը առավել ջերմ տրամադրություն։ Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալական խոսքեր հղեցին հյուրին և գրադարանին՝ հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան օրվա համար։ Փակման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ս․Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով ՄարիԳլեննին և բոլոր ներկաներին, ընդգծելով նման մշակութային հանդիպումների կարևորությունը։
