ԱԳՇ օր-5 «Պոլիսը և հայերը. անցյալն ու ներկան» խորագրով քննարկ
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ գեղագետ, արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին եւ Նոր» պատկերագրքի «Պոլիսը և հայերը. անցյալն ու ներկան» խորագրով քննարկումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայկական Պոլիսը՝ անցյալի և ներկայի զուգահեռ դիտարկումներով՝ բացահայտելով քաղաքի մշակութային շերտերն ու հայկական ներկայության կարևոր դերը։
«Լևոն Լաճիկյանն այն արվեստագետներից է, ում խոսքն ու դիտարկումները պետք է հասանելի լինեն բոլորին, քանի որ այսօր արվեստը ճիշտ ընկալելը տրված է ոչ բոլորին», — բացման իր խոսքում նշեց գրադարանի Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով Լաճիկյանին հրավերն ընդունելու և հանդիպմանը մասնակցելու համար։
«Պոլիսը հայ մշակույթի ամենաերևելի մայրաքաղաքն է», — իր խոսքում նշեց Լևոն Լաճիկյանը` ընդգծելով, որ հայ ժողովուրդը հպարտության հզոր լիցքեր է տվել մեզ:
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան առավել խորությամբ համոզվելու դրանում, քանի որ ներկայացվեցին ինչպես թուրքական ճարտարապետության առանձնահատկությունները, այնպես էլ հայերի կողմից կերտված «հոյակերտ և հայակերտ» (ինչպես նշում է Լևոն Լաճիկյանը) շինությունների ինքնատիպությունն ու արժեքը։ Անդրադարձ կատարվեց նաև պոլսահայ այն հայտնի գործիչներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել երկրի զարգացման մեջ։
Քննարկումն անցավ ակտիվ և բովանդակալից մթնոլորտում՝ վերածվելով հետաքրքիր մտքերի ու տեսակետների փոխանակման հարթակի։
Միջոցառումն ավարտվեց «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի ունկնդրմամբ՝ պոլսահայ երգչուհի Սիբիլի կատարմամբ։
Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին եւ Նոր» պատկերագրքի քննարկումը ևս մեկ հնարավորություն դարձավ վերաիմաստավորելու Պոլսի հայկական ժառանգությունն ու արժևորելու նրա դերը մեր ազգային ինքնության պահպանման գործում։
