Վավերագրական ֆիլմի դիտում՝ «Եթե քեզ մոռանամ, Հայաստան»
ՀՀ-ում նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի, «Ֆրանկոֆոն կինոփառատոն 2026» -ի շրջանակներում Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Եթե քեզ մոռանամ, Հայաստան» (2024) վավերագրական ֆիլմի դիտումը, որը կազմակերպվել էր գրադարանի, «Խաղաղության էկրաններ / Ecrans de la Paix» ֆրանսիական կինոասոցիացիայի, Institut français d’Arménie -ի և KASA Swiss Humanitarian Foundation-ի հետ համագործակցությամբ:
Հայաստանում «Խաղաղության էկրաններ» ֆրանսիական կինոասոցիացիայի ներկայացուցիչ Քլեր Շալուն և «ԿԱԶԱ» հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի զարգացումը» ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանը նշեցին, որ հայերեն ենթագրերով 56 րոպե տևողությամբ «Եթե քեզ մոռանամ, Հայաստան» վավերագրական ֆիլմը նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսորի Օլիվիե Վեբերի կողմից, ով անձամբ եղել է Հայաստանում, տարբեր վկայություններ է վերցրել: Ֆիլմը ներկայացնում է զգայուն թեմա, բայց միևնույն ժամանակ ցույց է տալիս չընկճվելու և տոկուն լինելու գաղափարը։
Ֆիլմի ցուցադրությանը ներկաները արտահայտեցին իրենց կարծիքներն ու կիսվեցին իրենց տպավորություններով:
Միջոցառման նպատակը Ֆրանկոֆոն մշակութային արժեքների տարածման, ժողովուրդների միջև երկխոսության խթանման, ինչպես նաև պատմական հիշողության պահպանման և խաղաղության գաղափարի կարևորության ընդգծումն էր։
