«Մեր գրադարանները. կարդալ ռուսերեն» նախագիծ
Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցների մասնակցությունը ռուսական «Մեր գրադարանները. կարդալ ռուսերեն» նախագծին
Օգոստոսի 31-ից մինչ սեպտեմբերի 7-ը գրադարանի աշխատակիցներ Հասմիկ Ավետիսյանը և Գոհար Սիմոնյանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Մեր գրադարանները. կարդալ ռուսերեն» նախագծին, որը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների կոմիտեի և Վ.Վ. Մայակովսկու անվան կենտրոնական քաղաքային հանրային գրադարանի կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-յի աջակցությամբ: Ծրագրին մասնակցել են ներկայացուցիչներ 10 երկրներից:
Ծրագրի մասնակիցները այցի շրջանակներում ծանոթացել են ՌԴ-ում գրադարանային գործի վերաբերյալ ընդունված մոտեցումներին , Սանկտ Պետերբուրգի գրադարանների ժամանակակից գրքային ֆոնդին, մասնակցել են կրթական դասախոսությունների, նստաշրջանների, գիտաժողովների և էքսկուրսիաների, այցելել են քաղաքի 9 առաջատար գրադարաններ, այդ թվում ՝ Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական և Բ.Ելցինի անվան Նախագահական գրադարաններ, այլ հաստատություններ:
Մասնակիցներն ուսումնասիրել են գրադարաններում կիրառվող ժամանակակից աշխատանքային մեթոդները, նոր ծառայությունների ձևաչափերը և թվային նախագծերը, ինչպես նաև կատարել փորձի փոխանակում գործընկերների հետ։
Այցի մասին իրենց տպավորություններում գրադարանի աշխատակիցները առանձնացնում են Սանկտ Պետերբուրգի կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների պետական գրադարանը իր ընթերցանության մատչելիության նորարարական մոտեցումներով։
Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները վերադարձել են հարստացած գիտելիքներով ու մասնագիտական փորձով, որոնք կյանքի կկոչեն իրենց առօրյա աշխատանքում:
