Գրետա Լևոնի՝ Սիրերգություն
« «Սիրերգություն»-ն ավելին է, քան տողերի հավաքածուն։ Այն կամուրջ է հեղինակի և ընթերցողի միջև։ Այսօր կամուրջը նորից կառուցվում է սիրո և մեղեդու անկեղծ զգացմունքների շուրջ։ Գիրքը մեզ հիշեցնում է, որ սերը, անկախ իր ազգային և լեզվական տարբերությունից, բոլորին միավորում է ջերմությամբ։ Այս հանդիպումը ոչ միայն գրական շնորհանդես է, այլև փոքրիկ ընտանեկան տոն, լի բարությամբ ու հոգու ջերմությամբ։», — Գրետա Լևոնիի գրքի շնորհանդեսի ընթացքում բացման իր ելույթում նշեց միջոցառումը վարող Գրիշա Մնոյանը:
Շիրակի մարզային գրադարանում երիտասարդ բանաստեղծուհի Գրետա Լևոնին տոնեց իր «առաջնեկի ծնունդը»։ Միջոցառմանը մասնակցելու եկել էին նրա ընկերները, գրականության սիրահարներ, գրադարանի աշխատակիցներն ու այլ մշակութային գործիչներ։ Մթնոլորտը ջերմ ու ոգևորիչ էր՝ լի հիացմունքով, հեղինակին ուղղված շնորհավորանքներով։ Ներկաները հավաքվել էին ոչ միայն լսելու հեղինակի խոսքը, ալյև միասին ապրելու այն զգացողությունները, որոնք ծնվել են գրքի էջերում։
Իրավաբան, բանաստեղծուհի Գրետա Լևոնին ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում։ Վերջինս 2015 թվականից մինչ այսօր Հայաստանի գրողների միության երիտասարդական խմբի անդամ է և ակտիվորեն մասնակցում է Հայաստանի գրողների միության կողմից կազմակերպված գրական միջոցառումներին։
«Այսօր մենք տոնում ենք իմ «Սիրերգության» ծնունդը։ Ինձ համար շատ կարևոր է, որ դուք ինձ հետ միասին կարևորել եք իմ գրքի ծնունդը և ինձ հետ եք։ Ստեղծագործելու առաջին օրվանից սպասել եմ այս օրվան, երբ գիքը իմ ձեռքում կլինի։ «Սիրերգությունը» ոչ միայն իմ զգացմունքների արտահայտումն է, այլև՝ ինչ-որ չափով էության։», — շնորհակալական իր խոսքում նշեց բանաստեղծուհին։
Միջոցառման ընթերցվեցին հատվածներ գրքից՝ դաշնամուրի (դաշնակահար՝ Վարդան Գրիգորյան) և շեփորի (շեփորահար՝ Ռաֆայել Տատենցյան) երաժշտական կատարումների ուղեկցությամբ։
Երաժշտությունը և բանաստեղծությունը հանդիպում են այնպես, ինչպես գիշերն ու լուսաբացը։ Արվեստի այս ժամադրությունում բառերը դառնում են հնչյուն, իսկ հնչյունները՝ տողեր։ Ահա այսպես երիտասարդ բանաստեղծուհին իր ամուսնու, Ethno Colors բենդի շեփորահար Ռաֆայել Տատենցյանի հետ միասին սեր էին խոստովանում միմյանց՝ կենդանություն հաղորդելով գրքի էջերին, որտեղ յուրաքանչյուր արտասանված տող ու նվագված նոտա միահյուսվում էին մեկ ամբողջության մեջ՝ հիշեցնելով, որ արվեստը մեկ լեզու է, որը խոսում է սրտերի հետ։
«Այնքան սեր է հորդում ձեր զույգից, որ դժվար է նկարագրել իմ տպավորությունները։», -շնորհավորական իր խոսքում նշեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյան, երիտասարդ բանաստեղծուհուն մաղթելով անխոչընդոտ ստեղծագործական ուղի ու կանաչ ճանապարհ։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանն էլ հավելեց, որ իր համար Գրետայի բանաստեղծությունները անակնկալ չէին, քանզի ժամանակ առ ժամանակ ընթերցել էր իր ստեղծագործությունները։ «Քայլելով սիրո ճանապարհով գնացել ու հասել է մի կետի, որտեղ ամփոփել է իր սերը, հենց այնտեղ, որտել էլի սեր է կուտակված՝ և մարդու, և երաժշտության հանդեպ։», — նշեց նա։
«Այս գիրքը ինձ համար օրագիր էր։», — միանալով Գրետա Լևոնիին ուղված շնորհավորանքներին գրքից ստացած իր տպավորություններով կիսվեց գրադարանի Արվեստի բաժնի վարիչ, միջոցառման կազմակերպիչ Հասմիկ Ավետիսյանը։
Միջոցառման ընթացքում բանաստեղծությունն ու երաժշտությունն առանձնահատուկ ներդաշնակությամբ միաձուլվեցին՝ ստեղծելով հուզիչ ու հիշարժան մթնոլորտ։
