Խատուտիկի գինի
«…Իսկ այնտեղ շարք-շարք կանգնած կլինեն խատուտիկի գինու շշերը լուսածագին բացվող ծաղիկների մեղմ ցոլցլանքով և փոշու բարակ շերտի տակ առկայծող հունիսյան արշալույսով»: Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի»
Շիրակի մարզային գրադարանի այգում էին հավաքվել Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի «Ընթերցասերների ակումբ»-ի սաները, ուսուցիչ Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ, գրադարանի աշխատակիցներն ու ընթերցասեր երիտասարդներ:
Հանդիպման նպատակը ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից մեկի՝ «Խատուտիկի գինին» գրքի քննարկումն էր, որը վարեց գրադարանի աշխատակից Սանասար Թումասյանը: Վերջինս շեշտեց, որ հեղինակը պատմությունը ներկայացնում է մտածածին քաղաքում, որպեսզի ընթերցողը կարողանա զգալ իրեն իր սեփական քաղաքում, որ գրքում նկարագրված միջավայրը իրեն հոգեհարազատ ընդունի:
Հանդիպման ընթացքում ներկաներից յուրաքանչյուրը խոսեց իր համար ստեղծագործության առավել հետաքրքիր հատվածից` ներկայացնելով ընթերցանության ընթացքում առաջացած հույզերն ու մտորումները: «Այս գիրքը կարծես ամառվա շունչ լինի, կյանքի զարթոնք, որտեղ ընթերցողն ինքը տեղափոխվում է իր պատանեկության շրջանը», — ավելացրեց զրույց-քննարկման վարողը:
Հանդիպումը նպաստեց մասնակիցների ընթերցողական փորձի հարստացմանը:
