Գրադարանների զարգացման պատմությունը
Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը: Վոլտեր
Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Գրադարանների զարգացման պատմությունը հին շրջանից մինչ մեր օրեր» թեմայով տեղեկատվական հանդիպում, ուր զեկույցով հանդես եկավ գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակցուհի Անահիտ Վարագյանը:
Հանդիպմանը նախ ներկայացվեց ԻՖԼԱ-ի (անգլ. IFLA — International Federation of Library Associations and Institutions, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն)՝ բնորոշումը գրադարանների մասին, որը դիտվում է որպես կազմակերպություն կամ կազմակերպության մաս, որի հիմնական նպատակն է դյուրացնել տեղեկատվական այնպիսի ռեսուրսների, ծառայությունների և միջոցների օգտագործումը, որոնք անհրաժեշտ են գրադարանից օգտվողների տեղեկատվական, հետազոտական, կրթական, մշակութային կամ ժամանցի կարիքները բավարարելու համար։
Զեկուցողը ներրկայացրեց հետաքրքիր փաստական տեղեկություններ գրադարանների ծագման, տարածման, Հայաստանի առաջին գրադարանների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գրադարանների ունեցած դերի կարևորության մասին: Տեղեկատվությունը զուգակցվում էր աշխարհի տարբեր երկրների խոշոր, ժամանակակից գրադարանների, մերօրյա նորարար գրադարանների մասին պատմող տեսանյութով: Անդրադարձ եղավ շրջիկ գրադարանների գործունեությանը :
Բովանդակալից զեկույցի համար գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանի շնորհակալական խոսքից հետո ներկա գտնվող գրադարանավարները հանդես եկան ակտիվ քննարկումներով:
Մանկապատանեկան բաժնի վարիչ Գեղեցիկ Գևորգյանը նշեց գրքի կարևորության մասին մեր ժամանակներում, նշելով, որ տեխնիկայի զարգացմանը զուգահեռ գիրքը չպետք է մղվի հետին պլան ու չպետք է դառնա ավելորդություն հասարակական կյանքում:
Գրադարանի Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Սուսաննա Բաղդասարյանը անդրադարձավ մեր երկրում քրիստոնեության տարածման ու ամրապնդման գործում հայատառ գրքերի ունեցած կարևորագույն դերին, հայատառ գրքերի նկատմամբ ժողովրդական սիրո ու հոգատարության դրսևորումներին, մասնավորապես ընդգծելով նաև ընդունելի ու մերժելի, կանոնական ու ոչ կանոնական գրքերի ցանկերի կազմման աշխատանքը, որն այսօրվա չափանիշներով կարող ենք համարել մատենագիտական գործունեություն:
