«Մկների ժողովը» ամառային դպրոցի սաների ներկայացմամբ
«Յուրաքանչյուր լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Ամռան այս երկու ամիսները Շիրակի մարզային գրադարանը երեխաների համար դարձավ երկրորդ տուն. ես տեսնում էի, թե ինչ ուրախությամբ էին նրանք բացում գրադարանի դուռը», — ամառային դպրոցի ավարտական միջոցառմանը իր խոսքում նշեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը :
Օգոստոսի 15-ին Շիրակի մարզային գրադարանի ամառային դպրոցի ծրագիրը երեխաներն ամփոփեցին Աթաբեկ Խնկոյանի ծննդյան 155-ամյակին նվիրված «Մկների ժողովը» բեմադրությամբ (ռեժիսոր Հովհաննես Սիմոնյան):
Սիրով ու ջանադրությամբ պատրաստված բեմադրությունով երեխաները ցանկություն հայտնեցին՝ իրենք իրենց հմտություններով հպարտացնել ծնողներին, ինչը անթաքույց էր և հաջողվեց նրանց:
«Մենք սիրով էինք գրադարան ուղարկում մեր երեխաներին: Ճամբարը դրական ազդեցություն է թողել նրանց վրա. նրանք սովորեցին դառնալ կոլեկտիվի անդամ, իսկ դա մեր սոցիումում ինտեգրվելու կարևոր պայման է: Դպրոց գնալու ենք լրիվ այլ տրամադրությամբ», — շնորհակալական իր խոսքում նշեց ճամբարի սաներից մեկի ծնողը:
Այս ամիսները երեխաների համար եղել են գիտելիքի, ստեղծագործական կարողությունների բացահայտման հրաշալի ճանապարհորդություն։ Անցած երկու ամիսների ընթացքում երեխաների համար կազմակերպվել են ուսուցողական բնույթի ճանաչողական այցելություններ, ինչի շնորհիվ նրանք ավելի լավ ճանաչեցին իրենց քաղաքն ու նրա անվանի մարդկանց, հարստացրեցին քաղաքի պատմության ու առհասարակ մշակույթի մասին իրենց գիտելիքները, ունեցան անգլերենի և ռուսերենի ուսուցողական պարապմունքներ, որոնք անց են կացվել հեքիաթների և խաղերի ուղեկցությամբ, մասնակցել են տարբեր ուսուցողական ու զվարճալի միջոցառումների:
Շիրակի մարզային գրադարանի ամառային դպրոցի նոր գիտելիքներով, տպավորություններով հագեցած յուրաքանչյուր օրվա մասին երեխաներն իրենց հետ կտանեն հաճելի ու օգտակար հիշողություններ:
Հայտնի ասացվածքները մեր ամառային դպրոցի սաների մեկնաբանությամբ
