Նախշոց Նախշ
Զարդանախշերը հայկական մշակույթի կարևոր մաս են՝ հաճախ կրելով ոչ միայն գեղարվեստական արժեք, այլ նաև մշակութային, պատմական ու հոգևոր իմաստ։ Հայկական զարդանախշերն իրենց մեջ պարունակում են խորհրդանշական տարրեր, որոնք կապում են արվեստը ժողովրդի պատմության, ավանդույթների ու հավատալիքների հետ։
Այսօր զարդանախշերի պահպանումը և տարածումը շատ կարևոր է, քանի որ դա ոչ միայն արվեստի, այլ նաև մշակութային ինքնության պահպանում է։ Շատ արվեստագետներ ու դիզայներներ փորձում են ներառել այս նախշերը իրենց ստեղծագործություններում՝ նոր, ժամանակակից ձևով ներկայացնելու համար։
Շիրակի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ մասնագիտությամբ դիզայներ Հայկանուշ Ժամակոչյանի «Նախշոց Նախշ»-ն ու հայկական ճարտարապետության նմուշ զարդանախշերը» խորագրով միջոցառումը, որին ներկա էին տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ ու արվեստով հետաքրքրվողներ։ Միջոցառումը վարեց գրադարանի Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը, ով առաջարկեց արվեստագետի ստեղծագործական գործունեությանը ծանոթանալ գրադարանի աշխատակցուհի Սիրանույշ Հարությունյանի ստեղծած կարճ տեսաֆիլմի միջոցով։ Այնուհետ հանդիպումն անցավ արվեստագետի հետ հարցուպատասխանի, զրույցի ձևով։
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայկանուշ Ժամակոչյանի հետ, ինչպես նաև նրա ստեղծագործական ուղուն և ոգեշնչման աղբյուրներին:
Իր խոսքում արվեստագետը նախ նշեց, որ յուրաքանչյուր գաղափար կյանքի կոչելիս քայլերը բերում են մարզային գրադարան, քանի որ հենց այստեղ է, որ նա կարողանում է գտնել այն գրքերը, որոնք օգնում են իրեն ստեղծագործել: «Սա պարզապես ասեղնագործություն չէ, յուրաքանչյուր նախշ ստեղծելիս` ուսումնասիրում եմ դրա պատմությունը, այնուհետ տեղափոխվում եմ գունային դաշտ, որից հետո էլ այն գալիս ու մտնում է մեր կենցաղ, դառնում հասանելի բոլորին», — նշեց Հայկանուշ Ժամակոչյանը:
Վերջինս նաև նշեց, որ ճարտարապետությունից վերցված զարդանախշերը մի քիչ հեռու են մեր տեսադաշտից: «Այդ իսկ պատճառով որոշեցի բերել դրանք մեր կենցաղ, գույն և շունչ տալ քարին, որն էլ արդյունքում կշրջի աշխարհում»,- ավելացրեց նա:
«Երջանիկ եմ, որ մեր գեղեցիկ Գյումրիում այսպիսի գեղեցիկ արվեստագետ է ապրում, դուք ոչ միայն գեղեցիկ եք ստեղծագործում, այլև ձեր էությամբ լցրեցիք մեր օրը գեղեցկությամբ», — շնորհակալական իր խոսքում նշեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը:
Հանդիպումն անցավ մտերմիկ մթնոլորտում՝ մշակութային շնչով լիցքավորված։