Երկուշաբթի, 14 Հուլիսի, 2025
Միջոցառումներ

«Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրություն

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Չտեսնված հանրապետություն» (սցենարի հեղինակներ՝ Լիկա Զաքարյան, Կարին Հովհաննիսյան, գլխավոր օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան) հայ-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմի ցուցադրությունը: Այն նկարահանվել է 2020 թվականին, իսկ պրեմիերան կայացել է 2022-ին` Վարշավայի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ գրող և լուսանկարիչ Լիկան թաքնվում է ապաստարանում և սկսում օրագիր գրել։ Նա չէր ենթադրում, որ իր գրառումները կդառնան ոչ միայն 44-օրյա պատերազմի վերջնական տարեգրություն, այլև կնոջ համընդհանուր դիմանկար, ով սկսում է խիզախության, ստեղծագործության և մարդու իրավունքների անթաքույց հավատարմության ճանապարհորդություն:
Ներկաներին շատ հուզեց ֆիլմի սյուժեն։ Այն ջատագովում է միասնականության գաղափարը, դժվարին պահերին միասնական դառնալու ազգային հզոր ինքնագիտակցությունը։ Ֆիլմը նաև հիշեցում է այն մասին, թե որքան կարևոր է պահպանել ազգային մշակույթն ու արժեքները, հատկապես, երբ հայրենիքը բախվում է տարբեր մարտահրավերների։
Ցուցադրությունից հետո ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի հեղինակներին հայրենասիրական թեմայի բարձրացման համար։ Նշվեց, որ ֆիլմը հիշեցրեց անցած պատերազմների ցավը, կրկին ուժգնացրեց սերը հայրենիքի հանդեպ։ Ընդգծվեց նաև, որ նման ստեղծագործությունները կարևոր են հատկապես երիտասարդ սերնդի դաստիարակության համար՝ որպես ազգային արժեքների փոխանցման միջոց։
«Ֆիլմը հնարավորություն է տալիս նոր հայացք գցել և վերաարժևորել այն ամենը, ինչի միջով որ մենք անցել ենք: Դժվար իրավիճակներում մենք պետք է առերեսվենք իրականությանը, իսկ իրականությունից փախչելը խնդրի լուծում չէ», — ֆիլմի ցուցադրության կարևորության մասին խոսելիս, նշեց «Արմդոկ» վավերագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Արևիկ Ավանեսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով