Հանդիպում էստոնացի գրող՝ Կալլե Կասպերի հետ
Եթե երկու բառով ստիպված լինեի բնութագրել հայուհու էությունը, ես կընտրեի «ամուր թիկունք» արտահայտությունը Կալլե Կասպեր
Շիրակի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ հանդիպում էստոնացի գրող Կալլե Կասպերի հետ, ներկայացվեց նրա «Հայուհիները» գրքի հայերեն թարգմանությունը։ Միջոցառումը բացեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը, ով նշեց գրական այս հանդիպման կարևորության դերը երկու ժողովուրդների միջև գրական կամուրջներ ստեղծելու գործում։
Հանդիպմանը ներկա էին մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, գրքասերներ, գրադարանի ընթերցողներ։ Մեր ընթերցողը գրեթե անծանոթ է Կալլե Կասպեի ստեղծագործություններին, ուստի այս հանդիպումը հիանալի առիթ հանդիսացավ ճանաչելու էստոնացի հեղինակին ու նրա հայազգի կնոջ կերպարին նվիրված աշխատանքին։
Հանդիպումը վարեց գրադարանի տնօրենի տեղակալ Նազմինե Բաղդասարյանը, ով առաջարկեց գրողի կյանքին և ստեղծագործական գործունեությանը ծանոթանալ գրադարանի աշխատակցուհի Սիրանույշ Հարությունյանի ստեղծած կարճ տեսաֆիլմի միջոցով։ Այնուհետ հանդիպումն անցավ հեղինակի հետ հարցուպատասխանի, զրույցի ձևով։ Ներկաները բավարար պատկերացում ստացան գրողի անձի, ստեղծագործական մոտեցումների և «Հայուհիները» գրքի ստեղծման դրդապատճառների մասին։ Զրույցը բացահայտեց նաև հեղինակի ունեցած հարգանքը հայ մշակույթի և, հատկապես, հայ կնոջ կերպարի նկատմամբ։
Հեղինակը պատմեց, որ թեև լինելով հայուհու՝ երջանկահիշատակ գրող, բանաստեղծ, արձակագիր, աշուղ Շերամի ծոռնուհի Գոհար Մարկոսյան-Կասպերի ամուսինը, իր սերը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ծնվել է ոչ թե անձնական կապով, այլ հայ մարդկանց կերպարի միջոցով. դեռ պատանեկության տարիներից հեղինակը մտերիմ է եղել հայերի հետ, որի մասին խոսում է նաև իր գրքում:
Նշենք, որ գիրքը թարգմանվել է հայերեն, անգլերեն և իտալերեն, ինչը հնարավորություն է տալիս տարբեր մշակութային շրջանակների ընթերցողներին ծանոթանալու գրեթե ինքնակենսագրական այս պատմությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև գրքի անգլերեն տարբերակի թարգմանիչը՝ Արծվի Բախչինյանը, և իտալերեն տարբերակի թարգմանիչը՝ Ստեֆանո Բարտոլետին, ովքեր խոսեցին թարգմանության գործընթացի, իրենց անձնական տպավորությունների մասին, ընթերցեցին գրքից իրենց դուր եկած հատվածներ։ Գրքից հատվածներ ընթերցեցին Գյումրու Մտորումների թատրոնի դերասան Սերգեյ Եղիկյանը և գրադարանի Արվեստի բաժնի աշխատակցուհի Վիկա Պետրոսյանը:
«Ոչ մի հայ տղամարդ այդքան չի գովերգել հայ կանանց, որքան Կալլե Կասպերն իր գրքում: Մեր կանայք դրան արժանի են: Ես միշտ ասել եմ, որ մեր ազգը գոյություն ունի մեր կանանց շնորհիվ», — գրքի մասին այսպես նշեց Արծվի Բախչինյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանն անդրադարձավ Գոհար Մարկոսյան-Կասպերի Տալյանական տոհմին պատկանելությանը, որի պատվին Գուսան Շերամի ստեղծագործությունների կատարումով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի սաները (ժողնվագարաններ և վոկալ կատարում դաշնակահար Տ. Հովհաննիսյանի նվագակցությամբ): Շերամական ստեղծագործությունները միջոցառմանը հաղորդեցին առանձնակի ջերմություն և ազգային շունչ՝ շեշտադրելով Կասպերի գրքի հոգևոր և մշակութային ենթատեքստը։
