Երկուշաբթի, 13 Ապրիլի, 2026
Միջոցառումներ

Իսահակյանական ընթերցումներ ֆրանսերեն լեզվով․․․

Շիրակի մարզային գրադարանում շարունակվում է ընթերցանության խթանմանը ուղղված միջոցառումների շարքումֆրանսերեն լեզվին, ֆրանկոֆոն մշակույթին, հայազգի մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները: Այս անգամ այն ընդլայնվեց նոր աշխատարաններով ու բանախոսություններով ուղղված լեզվի սիրահարներին և մշակութային բազմազա նության գնահատմանը։ ՉԷ որ կրթական միջավայրը ոչ միայն փոխանցում է գիտելիքներ, այլ նաև ապահովում է մշակութային ժառանգության փոխանցումը, ստեղծում է տարածք տարբեր մշակութային ինքնությունների ճանաչման և ներդաշնակ համագոյակցության համար: Գրադարանի տաք ու մտերմիկ մթնոլորտում հավաքվել էին «ԿԱԶԱ» KASA Swiss Humanitarian Foundation հիմնադրամի Գյումրու կենտրոնի հայ և ֆրանսիացի կամավորները, ՇՊՀ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողները, Վարպետի ստեղծագործություններով ներշնչված գրականասերներ, գրադարանավարներ:
Օտարալեզու գրականության բաժնի վարիչ Նազմինե Բաղդասարյանի բացման խոսքից հետո՝ ներկաները ընթերցեցին Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմից հատվածներ՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով, վերաիմաստավորելով ստեղծագործության հոգևոր և փիլիսոփայական խորքաշատ պատկերները ֆրանկոֆոն մշակութային համատեքստում։ Ընթերցումները ուղեկցվում էին ոչ միայն Իսահակյանի պոեմի վերլուծությամբ, այլև կենդանի քննարկումներով, որոնց ընթացքում կամավորներն արտահայտում էին իրենց վերաբերմունքը բանաստեղծի պոեմում արծարծված գաղափարների շուրջ։
Ոմանք հայտնեցին, որ Իսահակյանի մտածողությունը մինչ օրս ակտուալ է, հատկապես սիրո, ազատության և արդարության թեմաների շուրջ։ Այնուհետ հետաքրքրությամբ ծանոթացան ընթերցարանում «Իմ քարավանը» խորագրով ներկայացված ցուցադրությանը: Միջոցառման ավարտին գրադարանի փոխտնօրեն Գեղեցիկ Գևորգյանը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ իր խոսքում կարևորեց երկլեզու մշակութային երկխոսության շարունակական բնույթ կրելու անհրաժեշտությունը՝ մշակույթը դիտարկելով ոչ միայն ազգային ինքնության արտահայտման, այլև փոխըմբռնման և համակեցության հզոր գործիք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով