Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

Օրեր առաջ «Շիրակի մարզային գրադարանի» ֆեյսբուքյան էջում զետեղվեց տեղեկույթ այն մասին, որ հունիսի 10-ին գրադարանում հյուրընկալելու են մեր օրերի ամենաընթերցվող ու խիստ ինքնատիպ գրող Աշոտ Աղաբաբյանին: Ընթերցասերների համար սիրված ու սպասված հեղինակ, ում գրքերը երբեք չեն հասնում գրադարակ, այլ փոխանցվում են ձեռքից-ձեռք, ընթերցվում հափշտակությամբ ու ստիպում սպասել հաջորդ, գուցեև դեռ չգրված վեպին:
Հանդիպումը կայացավ պայմանավորված օրը: Գրողի հետ գրադարան էին եկել նաև հայտնի գրականագետ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, ծնունդով մեր համաքաղաքացի ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը և, որ ամենաանսպասելի անակնկալն էր բոլոր ներկաների համար, «Թակարդ» վեպի գլխավոր հերոս Ջոն Հաննիսյանը, իրականումՋահան Հովհաննիսյանը: Հանդիպման հավաքվածների մեծ մասը Աղաբաբյանի գրքերին արդեն ծանոթ ընթերցասերներ էին մշակութային, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլք:
Բացման իր խոսքում գրադարանի տնօրեն պրն. Գ.Ամիրյանը նշեց, որ հանդիպումը սպասված է գրադարանի բոլոր ընթերցողների կողմից, ովքեր ցանկանում են անձամբ լսել հեղինակի խոսքը իր գրքերի ու հերոսների մասին: Նա առաջարկեց, մինչ հյուրերին լսելը, դիտել Աշոտ Աղաբաբյանի կենսագրության ու հեղինակած գրքերի մասին գրադարանի աշխատակիցների ուժերով ստեղծված տեսահոլովակը:
Այնուհետև, գրողի ու նրա գրքերի մասին նախ լսեցին գրականագետ Սամվել Մուրադյանին: Նա բնութագրեց Աշոտ Աղաբաբյան հեղինակի աներկբա շնորհը որպես արձակագիր,ով կարողանում է ստեղծել ճշմարիտ, պատմական, հուզումնալից, իրական կերպարներ բարդ իրադարձությունների, հոգեբանական իրավիճակների և անհավանականության աստիճան բախումների մեջ:
Գրողի մասին իրենց կարծիքներով կիսվեցին նաև Հ.Թադևոսյանը և Վ.Ավոյանը: Աշոտ Աղաբաբյանը խոսեց գրելու իր մտահղացումների, ստեղծագործական գործընթացների, հերոսների նախատիպերի ու նրանց ժամանակաշրջանների վերաբերյալ իր տքնաջան հավաքչական աշխատանքների մասին, պատասխանեց ընթերցողների հարցերին: Գրողը սիրով գրադարանին նվիրեց իր հեղինակած գրքերից ևս երկուսը:
Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը գյումրեցի բոլոր ընթերցասերների անունից գրողին նվիրեց գրիչմաղթելով բեղուն ստեղծագործական ընթացք: Գրադարանը արժեքավոր նվերներ ստացավ նաև հյուրերից Հրանտ Թադևոսյանը նվիրեց իր նկարների վերջին տարիների երեք ալբոմներ, Վ. Ավոյանը` «Շիրակի մեղեդիներ» խտասկավառակը:
Հանդիպմանը հաճելի պահեր պարգևեցին նաև Երևանի Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները երաժշտական կատարումներով:
Ավարտին հանդիպման հյուրերը գրառումներ կատարեցին գրադարանի պատվավոր հյուրերի կարծիքների գրանցման մատյանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով